«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի 2018 թվականի հայտադիմումները բաց են

Հունվարի 9-ից բացվել են «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաջնորդության զարգացման ծրագրի մասնակցության հայտադիմումները։

«Դասավանդի’ր, Հայաստան»-ը հավաքագրում է Հայաստանի ամենաշնորհալի երիտասարդներին` որպես ուսուցիչներ ուղարկելով աշխատելու մասնագետների Հայաստանի` առավել մեծ կարիք ունեցող համայնքներում։ Ծրագրի մասնակիցներն անդամակցում են երկամյա Առաջնորդության զարգացման ծրագրին, որի ընթացքում ձեռք են բերում աշակերտների նվաճումներն ու առաջնորդության ջիղը դասարանում բարելավելու գիտելիքներ, հմտություններ և նոր աշխարհայացք` միաժամանակ իրականացնելով համայնքային զարգացման նախաձեռնություններ` ուղղված համայնքների համախմբմանն ու զորացմանը։ Երկամյա ժամկետի ավարտին մասնակիցները նշանակվում են Դեսպաններ և ուղղորդվում աշխատելու ռազմավարական նշանակության օղակներում, որոնք հենարան են հանդիսանում Հայաստանում համաչափ կրթության շարժման համար:

Այս պահի դրությամբ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ներկայացված է Հայաստանի 6 մարզի 52 գործընկեր դպրոցում: Ծրագրիրն ունի մասնակիցների երեք սերունդ, որոնցից առաջինը՝ 14 մասնակից, արդեն ավարտել է երկամյա ծրագիրն ու հիմնադրամի կողմից ստացել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Կրթության հավասարության դեսպանների կոչումը։ Իսկ երկրորդ եւ երրորդ սերնդի մասնակիցները 71-ն են, որոնք աշխատում են շուրջ 5000 երեխայի հետ: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը շարունակաբար համագործակցում է նոր դպրոցների ու համայնքների հետ, որպեսզի հասանելի դառնա Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր մարզերում ապրող յուրաքանչյուր երեխայի համար: Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը: 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն անկախ ծրագիր է, որը համագործակցում է ՀՀ կառավարության, մարզպետարանների, բոլոր համայնքների դպրոցների, համալսարանների, տեղական և արտասահմանյան կազմակերպությունների և անհատների հետ: Մոդելը, որի հիման վրա ստեղծվել է ծրագիրը, 25 տարվա պատմություն ունի։ Այն սոցիալական փոփոխության հասնելու հաջողված ծրագիր է, որը կիրառվել է աշխարհի շուրջ 46 երկրում:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ծրագրի կարգախոսն է՝ «Մենք կերտում ենք Հայաստանի ապագան՝ դասարան առ դասարան»։

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք կապ հաստատել «Դասավանդի’ր, Հայաստան»-ի հավաքագրման համակարգող Տաթեւիկ Հովհաննիսյանի հետ՝ +37441530154, tatevik.hovhannisyan@teachforarmenia.org:

Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել պաշտոնական կայքը` https://arm.teachforarmenia.org:

Leave a Reply

Your email address will not be published.