Ազգային դատախաղ-մրցույթ – 2017 | Միջազգային մարդասիրական իրավունք

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Հայաստանում հայտարարում է Միջազգային մարդասիրական իրավունքի ազգային դատախաղ-մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման մեկնարկը։ Դատախաղը տեղի կունենա Հայաստանում  դեկտեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում։

Մրցույթը Հայաստանում անցկացվող առաջին դատախաղերից մեկն է, որը 2005 թվականից սկսած կազմակերպում է ԿԽՄԿ-ն։ Մրցույթի նպատակն է՝ բարձրացնել ՄՄԻ-ի խնդիրների իրազեկվածությունը իրավաբանական ֆակուլտետների ուսանողների շրջանում, ինչպես նաև զարգացնել ուսանողների մոտ այդ իրավունքի նորմերի ոչ միայն տեսական գիտելիքը, այլև գործնականում կիրառելու ունակությունները։

«ՄՄԻ-ի դատախաղը ինքս ինձ մարտահրավեր նետելու հնարավորություն տվեց։ Ինձ համար դատախաղը, առաջին հերթին, սթրեսը հաղթահարելու  և կարճ ժամանակում արագ որոշումներ կայացնելու մասին է։ Մրցույթը ոչ միայն ծանոթացրեց ինձ գրքերից դուրս ՄՄԻին, այլ նաև մեծապես նպաստեց իմ զարգացմանը՝ որպես անհատի»,ասում է 2016 թվականի ՄՄԻ դատախաղի հաղթող Արթուր Ղուլյանը, որը շահել էր Էստոնիայում միջազգային իրավունքի ամառային դպրոցին մասնակցելու հնարավորություն։

Ի՞նչ է միջազգային մարդասիրական իրավունքը

ՄՄԻ-ն ճանաչված է նաև որպես պատերազմի կամ զինված ընդհարումների իրավունք։ Որպես կանոնների և սկզբունքների համախումբ՝ ՄՄԻ-ն ձգտում է սահմանափակել զինված հակամարտությունների բացասական հետևանքները՝ ելնելով մարդասիրական նպատակներից։ ՄՄԻ-ն կոչված է պաշտպանելու այն անձանց, որոնք այլևս չեն մասնակցում ռազմական գործողություններին, և սահմանափակելու պատերազմում օգտագործվող զենքերի և մեթոդների տեսակները։

Ինչո՞վ է ՄՄԻ վերաբերյալ ազգային դատախաղ-մրցույթը տարբերվում այլ դատախաղերից

Մրցույթը նպատակ ունի «կյանք հաղորդել» իրավունքին և ուսանողներին ներգրավել տարբեր տեսակի մոդելներում և դերախաղերում։ Թիմերը ներկայացնում են ՄՄԻ-ի որևէ ոլորտի վերաբերյալ իրենց բանավոր պատասխանները։ Դատախաղին նախապատրաստվելու, հռետորական և դատարանում ներկայացնելու ունակությունները բարելավելու նպատակով ուսանողները դատախաղից մի քանի շաբաթ առաջ կանցնեն դասընթացներ և հրահանգիչների օգնությամբ կպատրաստվեն մրցույթին։

Մրցույթի արդյունքը հաշվարկվում է բոլոր փուլերի ընթացքում թիմերի հավաքած միավորների հիման վրա։ Եզրափակիչ փուլն անցնում են նրանք, ովքեր ցույց են տվել ամենալավ արդյունքն ամբողջ խաղի ընթացքում։ Այսպիսով, ամեն փուլից հետո մեկ թիմի դուրս մնալու փոխարեն բոլորին հնարավորություն է տրվում մասնակցել դատախաղի մի քանի փուլերին։

Մասնակցության պահանջները և գրանցումը

Մրցույթին մասնակցելու համար թիմը պետք է բաղկացած լինի 3 ուսանողից, որոնք սովորում են ՀՀ բուհերի, ինչպես նաև զինվորական ակադեմիաների իրավաբանական, քաղաքագիտության կամ միջազգային հարաբերությունների բաժիններում։ Թիմի անդամները պետք է ներկայացնեն նույն ուսումնական հաստատությունը և նախկինում մասնակցած չլինեն այս մրցույթին։ Նրանք պետք է լրացնեն կցված հայտը անգլերենով կամ հայերենով և պատասխանեն ստորև ներկայացվող՝ ՄՄԻ թեմային վերաբերող հարցերին հայերեն կամ անգլերեն։

Լրացված հայտերը պետք է ներկայացնել ԿԽՄԿ պատվիրակություն Հայաստանում (0014, Երևան, Նաիրի Զարյան փ․ 73/1) կամ ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ ialoyan@icrc.org։ Հայտերն ընդունվում են մինչև սթ նոյեմբերի 14-ը, ժամը 18:00։ Ընտրված մասնակիցները կտեղակացվեն մինչև նոյեմբերի 17-ը։

Ընտրությունը և մրցանակները

Մրցույթին կմասնակցեն միայն ընտրված մասնակիցները։ ԿԽՄԿ-ն կհոգա մասնակցության, կացության և տրանսպորտի հետ կապված բոլոր ծախսերը։ Հաղթող թիմին հնարավորություն կտրվի մասնակցելու արտերկրում կայանալիք ՄՄԻ-ի վերաբերյալ միջոցառման։

Հավելյալ տեղեկատվության համար դիմել՝ Իռեն Ալոյան, իրավական ծրագրերի պատասխանատու, ԿԽՄԿ Հայաստան, հեռ․՝ +374 10 29 74 15 / 16 / 17։

Դատախաղի հարցեր

  • Ի՞նչ իրավական կարգավիճակ ունի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և որո՞նք են կազմակերպության հիմնարար սկզբունքները (ոչ ավելի քան 900 բառ)։
  • Արդյո՞ք միջազգային իրավունքը նախատեսում է հատուկ իրավական ռեժիմ զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության համար և եթե այո, ապա որ փաստաթղթերում  (ոչ ավելի քան 500 բառ):

Leave a Reply

Your email address will not be published.