MOOC | IELTS Academic քննության նախապատրաստում

Քուինսլենդի համալսարանը (Ավստրալիա), որն անգլերենի ուսուցման լավագույն կենտրոններից մեկն է աշխարհում, edX հարթակում առաջարկում է IELTS Academic տեստ-քննության նախապատրաստական զանգվածային բաց առցանց դասընթաց (MOOC)։ Դասընթացավարները նորարարական միջոցներով ուսուցանելու մեծ փորձ ունեն և մասնակիցներին հնարավորություն կտան անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել՝ ակադեմիական IELTS քննությունը վստահորեն հանձնելու և նախընտրած համալսարան ընդունվելու համար։ 

Մեկնարկը․  դասընթացը հասանելի է ինքնուրույն ուսուցման եղանակով
Տևողությունը․  8 շաբաթ
Մասնակցի ներգրավվածությունըշաբաթական 5-10 ժամ*
Արժեքըանվճար է 
Հավաստագրի առկայությունտրվում է, արժեքը՝ $99 

Դասընթացի ճկուն բնույթի շնորհիվ մասնակիցները կարող են փոփոխել իրենց գործնական ներգրավվածության մակարդակը՝ հարմարեցնելով սեփական պահանջներին։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ թեև դասընթացի՝ իրական ռեժիմում անցկացման ժամկետն ավարտվել է, սակայն դրա բոլոր փոխներգործուն (ինտերակտիվ) նյութերը (ավելի քան 80 ժամ տևողությամբ տեսանյութեր և գործնական վարժություններ) մշտապես հասանելի են մասնակցել ցանկացողների համար։ Դասընթացն անցկացվում է մասնակցի ինքնուրույն ուսուցման եղանակով (self-paced)՝ մասնակիցը կարող է սեփական ընտրությամբ անցնել դասընթացի բոլոր բաժինները (listening, speaking, reading and writing) հերթականությամբ, կամ էլ ընտրել միայն բաժինները, որոնք իրեն անհրաժեշտ են IELTS տեստը հանձնելու համար։


ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ․ IELTS-ը (International English Language Testing System) անգլերենի իմացության և գիտելիքների ստուգման ամենաճանաչված ստանդարտացված տեստային քննությունն է աշխարհում։ Ունի երկու հիմնական տարբերակ (մոդուլ)՝ ակադեմիական (Academic IELTS) և ընդհանուր (General Training IELTS)։ IELTS-ը լայնորեն տարածված և ճանաչելի է հատկապես Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, որտեղ կրթությունը շարունակել ցանկացող օտարազգիների, ինչպես նաև հաճախ միգրանտների համար պարտադիր է դրա հանձնումը։ Ի տարբերություն IELTS-ի՝ ԱՄՆ-ում և Կանադայում նույն նշանակությունն ունի TOEFL-ը (TOEFL-ի առցանց դասընթացի վերաբերյալ տես այստեղ)։ Հայաստանում IELTS քննությունը կազմակերպվում և անցկացվում է Բրիտանական խորհրդի կողմից։


Դասընթացի յուրաքանչյուր բաժին ներառում է տեստի առանցքային կողմերի և առանձնահատկությունների վերաբերյալ մուլտիմեդիա ցուցադրանյութեր։ Բացի այդ, դասընթացում ներառված են IELTS-ին հատուկ վարժությունների և այլ բաղադրիչների մեծ թվով տարբերակներ, որոնք թույլ են տալիս գործնականորեն ամրապնդել ձեռք բերված հմտությունները։ Պատրաստ լինելու դեպքում մասնակիցը կարող է IELTS 4 բաժիններից յուրաքանչյուրի փորձնական քննություն հանձնել։

Ինչպես մասնակցել դասընթացին

Անհրաժեշտ է գրանցվել edX հարթակում  (ստեղծել անհատական հաշիվ), ապա մուտք գործել հարթակ և բացել ընտրված դասընթաց(ներ)ը («view course» ընտրանքը հասանելի է միայն դասընթացի մեկնարկից հետո)։ 

Leave a Reply

Your email address will not be published.