Հարուստ և աղքատ երկրներ․ որտե՞ղ ենք մենք

economy-2

Այս թեմային անդրադառնալիս արժե հիշել հայտնի խոսքը՝ ամեն ինչ հարաբերական է։ Ամեն դեպքում, կան մի շարք ցուցանիշներ, որոնք թեկուզև հարաբերական, սակայն որոշակի պատկեր են ստեղծում որևէ երկրի հարստության մակարդակի մասին։ Այսօր կներկայացնենք այդ ցուցանիշներն ու ըստ դրանց մեր դիրքն այլ երկրների շարքում։ Բազմաթիվ տնտեսագետների համոզմամբ այն ցուցանիշը, որը լավագույն պատկերն է տալիս երկրի հարստության մասին, ՀՆԱ-ն է՝ Համախառն ներքին արդյունքը։ Իմ գործընկերներից մեկն այն համեմատում է «Չերչիլյան դեմոկրատիայի» հետ՝ այն լավագույն լուծումը չէ, սակայն մարդկությունն ավելի լավ տարբերակ դեռ չի մտածել։

«Այն ամենն, ինչ պետք է իմանալ տնտեսագիտությունից» շարքի առաջին հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Համախառն ներքին արդյունք՝ ՀՆԱ

(անգլերեն տարբերակը՝ GDP: Gross domestic product)

ՀՆԱ-ի ցուցանիշը, ինչպես նկարագրել ենք նախորդ հոդվածում, բնութագրում է երկրի տնտեսության չափը, ամփոփ ցույց տալիս, թե տվյալ տարում որքան արժեք է ձևավորվել արտադրված ապրանքների և ծառայությունների վաճառքից։ Համաշխարհային բանկի տվյալներով 2015 թվականին ամենամեծ ՀՆԱ ունեցել են ԱՄՆ-ն (18 տրիլիոն դոլար), ապա Չինաստանը (11 տրիլիոն դոլար) և Ճապոնիան (4 տրիլիոն դոլար)։ Ամենափոքր ՀՆԱ ունեցած երկիրը 2015-ին եղել է Տուվալուն, եթե հաշվի չառնենք այն, որ Սիրիայի վերաբերյալ ընդհանրապես տվյալները պարզ չեն։

Արժույթի միջազգային հիմնադրամը ներկայացնում է, թե ամբողջ աշխարհում գոյացած ՀՆԱ-ի որ մասը ո′ր երկրներն են «ստեղծել» 2016 թվականին.

weo-gdp-2016
2016թ․ (հոկտեմբերի դրությամբ) առավել մեծ ՀՆԱ ունեցող երկրները, ՀՆԱ-ի չափը (տրլն դոլար) և համաշխարհային ՀՆԱ-ում ունեցած մասնաբաժինը (%-ներով) | Ⓒ ArmScoop․ աղբյուրը՝ Արժույթի միջազգային հիմնադրամ (IMF WEO)

Ի դեպ, ամբողջ աշխարհի ՀՆԱ-ն 2015-ին եղել է շուրջ 74 տրիլիոն դոլար, սակայն անակնկալի կգաք, եթե նշենք նույն ցուցանիշը 1960 թվականին՝ ընդամենը 1.4 տրիլիոն։ Փաստորեն 1960-2015թթ․ ամբողջ աշխարհում ստեղծված ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքն աճել է 53 անգամ։

Աղբյուրը՝ Համաշխարհային բանկի պաշտոնական կայք

Նշված աճն առաջին հերթին պայմանավորված է աշխարհի բնակչության թվի աճով․ եթե 1960 թվականին այն կազմել է շուրջ 3 միլիարդ, այժմ մեր մոլորակում 2.3 անգամ ավելի շատ մարդ է ապրում։ Դա ստիպել է մեծացնել արտադրվող բարիքների ծավալը։ Բացի այդ նշված ժամանակահատվածում գիտության, տեխնոլոգիաների, արդյունաբերության աճը հանգեցրել է նորարար եղանակներով ու մեծ ծավալներով նոր բարիքների ստեղծմանը։ Եվ վերջում՝ չմոռանանք նաև գների աճի մասին․ ապրանքների և ծառայությունների աճն ուղղակիորեն նպաստել է ՀՆԱ-ի արժեքային աճին։

Վերադառնանք թվերը «կարդալուն»․ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով 2016թ․ (հոկտեմբերի դրությամբ) Հայաստանը ՀՆԱ-ի 10,75 միլիարդ ԱՄՆ դոլար ցուցանիշով 131-րդ տեղում է: Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 2015թ․ Հայաստանը ՀՆԱ-ի 10,56 մլրդ ԱՄՆ դոլար ցուցանիշով գրեթե նույն՝ 132-րդ տեղում էր (2014 թ․՝ 11,64 մլրդ ԱՄՆ դոլար)։ Տրամաբանական է, որ փոքր տարածք և բնակչություն ունեցող երկիրը չէր կարող նույնչափ ՀՆԱ ունենալ, ինչքան, օրինակ, Չինաստանը։ Հենց սա էլ հաշվի առնելով՝ ավելի անաչառ պատկեր ստանալու և համեմատման համար ընդունված է ՀՆԱ-ի ցուցանիշը բաժանել երկրի բնակչության թվի վրա․ այդպես հաշվարկվում է մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն։

ՀՆԱ՝ մեկ շնչի հաշվով

(անգլերեն տարբերակը՝ GDP per capita)

Համախառն ներքին արդյունքի ցուցանիշը մեկ շնչի (բնակչի) հաշվով ներկայացնելիս կարող ենք հասկանալ, թե որքան հարուստ են տվյալ երկրում ապրողները կամ մասնագիտական բառապաշարով ասած՝ պարզել ռեզիդենտների (տվյալ երկրի քաղաքացիների, որոնք իրենց ընտանեկան ու տնտեսական կենսական շահերով կապված են հենց այդ երկրի հետ) կենսամակարդակը։

Այստեղ էլ մենք գրեթե նույն դիրքերում ենք աշխարհի նկատմամբ, ինչ նախորդ ցուցանիշի դեպքում, սակայն առաջատարների պատկերը կտրուկ փոխվում է (Արժույթի միջազգային հիմնադրամի 2015թ․ տվյալներով)․

  1. Լյուքսեմբուրգ (102,7 հազար [ԱՄՆ դոլար])
  2. Շվեյցարիա (80,6 հազար)
  3. Նորվեգիա (74,6 հազար)
  4. Կատար (68,9 հազար)
  5. Իռլանդիա (61,2 հազար)
  6. ԱՄՆ (56 հազար):

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով Հայաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 2015 թվականին կազմել է 3,52 հազար ԱՄՆ դոլար, ինչը նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրին 2015թ․ Հայաստանում արտադրված բոլոր ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքից տարեկան «բաժին է հասնում» 3520 ԱՄՆ դոլար (115-րդ տեղը 184 երկրի շարքում)։ Ի դեպ, այս ցուցանիշով ամենաաղքատ երկրներն են Մալավին, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը և Բուրունդին (մոտ 300 դոլար)։

Փորձենք ավելի ակնառու և համեմատելի դարձնել այս ցուցանիշը։

ՀՆԱ մեկ շնչի հաշվով՝ գնողունակության համարժեքությամբ

(անգլերեն տարբերակը՝ GDP based on purchasing-power-parity (PPP) per capita)

Երկրները տարբերվում են նաև իրենց «ապրելու ծախսերով»․ որոշ երկրներում գներն ավելի բարձր են, նույն ապրանքներն ավելի թանկ արժեն, քան այլ երկրներում, տարբեր են նաև հարկերի չափերը։ Այս գործոնների ազդեցությունն անհրաժեշտ է ներառել ՀՆԱ-ի ցուցանիշների ընդհանուր հաշվարկում։

Արդեն նկատել եք, որ վերը նշված բոլոր տվյալները ներկայացված են ԱՄՆ դոլարով (որպես համընդհանուր ընդունելի արժույթ)․ այստեղ հարց է առաջանում՝ եթե դոլարի փոխարժեքը տարբեր երկրներում տարբերվում է, դա և՞ս արտացոլվում է ցուցանիշներում՝ ավելի լավ կամ վատ պատկեր ստեղծելով։ Այո՛, և եթե այդ գործոնը, ինչպես նաև արդեն նշված գնային ու հարկային տարբերություններն էլ հաշվի առնենք, ապա կստանանք նոր ցուցանիշ՝ ՀՆԱ մեկ շնչի հաշվով՝ գնողունակության համարժեքությամբ։

Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով 2015թ․ 185 երկրի շարքում այս ցուցանիշով առաջատար 12 երկրները հետևյալն են․

ppp_gdp_f12

Այսինքն՝ աղյուսակում նշված առաջատար երկրներն աչքի են ընկնում բարձր գնողունակությամբ և բարեկեցությամբ։ Այս ցանկի վերջում Բուրունդին, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն ու Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունն են։

Ինչ վերաբերում է մեր և մեր հարևան երկրների դիրքին, պատկերը հետևյալն է՝

  • Հայաստան՝ 110-րդ տեղ (8,49 հազար)
  • Վրաստան՝ 105-րդ տեղ (9,59 հազար)
  • Իրան՝ 68-րդ տեղ (17,34 հազար)
  • Թուրքիա՝ 60-րդ տեղ (20,42 հազար)
  • Ադրբեջան՝ 66-րդ տեղ (18,03 հազար)։

Մարդկային զարգացման ինդեքս

(անգլերեն տարբերակը՝ Human Development Index (HDI))

Ինչպես բոլոր քանակական ցուցանիշները, ՀՆԱ-ն ևս ունի իր թերությունները։ ՀՆԱ-ն, լինելով արտադրված ապրանքները և ծառայությունները բնութագրող ցուցանիշ, չի ներառում այնպիսի կարևոր գործոններ, ինչպիսիք են տնային տնտեսությունը որպես չվարձատրվող աշխատանք, կամավորությունը, չգրանցված վաճառքները։ Այս ցուցանիշում չեն արտացոլվում նաև  երկրի անվտանգության, կրթության, ազատությունների մակարդակները։ Այս պատճառով Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի շրջանակում մշակվել և առաջին անգամ 1990 թ․ հրապարակվել է մեկ այլ ցուցանիշ՝ Մարդկային զարգացման համաթիվը (ինդեքս)։ 

Այն ներառում է 3 բաղադրիչ՝

  • կյանքի սպասվող տևողությունը ծնվելու պահին (գնահատում է երկարակեցությունը),
  • կրթության համաթիվը (ներառում է կրթության միջին տևողությունը և կրթության սպասվող տևողությունը ),
  • արժանապատիվ կենսամակարդակը (հաշվարկվում է ըստ մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտի (GNI)՝ գնողունակության համարժեքով, արտահայտված ԱՄՆ դոլարով)։

Այս ինդեքսով առաջատար երկիրը Նորվեգիան է՝ 0,944, իսկ ցանկը եզրափակում է Նիգերիան՝ 0,348 համաթվով։ Մարդկային զարգացման համաթվի ցուցանիշով բոլոր երկրների դիրքերը կարող եք տեսնել ՄԱԿ-ի ՄԶ ծրագրի պաշտոնական կայքում։ Այս ցուցանիշով Հայաստանի համաթիվը 0.733 է, որով մենք 188 երկրի շարքում 85-րդ տեղում ենք։ Աշխարհի միջինից Հայաստանը շեղվել է աղքատության մակարդակի և գենդերային անհավասարության պատճառով: 

Երջանկության ինդեքս

Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Երկրի ինստիտուտը 2012-ին առաջին անգամ հրապարակեց վարկանշային մի զեկույց, որով գնահատվում է, թե որքան երջանիկ են զգում տարբեր երկրների բնակիչները։ Ամեն տարի թարմացվող զեկույցում ներկայացվող Երջանկության համաթվի հաշվարկման մեթոդաբանությունը պարզ է․ հարցումներ են կատարում բնակիչների հետ, գնահատում, թե որքան գոհ են մարդիկ կառավարությունից և հանրությունից, ինչ արժեհամակարգ ունեն և արդյոք կարողանում են ազատորեն պահպանել իրենց արժեքները։ Զեկույցի հրապարակման նպատակն է օժանդակել պետությունների ղեկավարներին, քաղաքական ու հասարակական գործիչներին՝ ավելի լավ գնահատելու և արձագանքելու իրենց երկրների քաղաքացիների կարիքներին ու ձգտումներին, նպաստելու կայուն և արժանապատիվ զարգացմանը։

Երջանկության ինդեքսը, մասնավորապես, ներառում է հետևյալ բաղադրիչները՝ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով, պետության ու հասարակության կողմից սոցիալական աջակցություն ստանալու (անհրաժեշտության դեպքում) ակնկալիքների մակարդակը, առողջ կյանքի սպասվող տևողությունը, կյանքում գործունեության և այլ կենսական հարցերում ազատ ընտրության մակարդակը, հասարակության մեջ առատաձեռնության մակարդակը՝ բարեգործություն կատարելու տարածվածությունը (այս ցուցանիշն, օրինակ, գնահատվում է «Արդյո՞ք բարեգործական նպատակով նվիրատվություն կատարել եք անցյալ ամիս» հարցին տրված պատասխաններով) և կառավարության մեջ ու գործարար միջավայրում կոռուպցիայի տարածվածության մասին ընկալումները (որքան մեծ են կոռուպցիայի տարածվածության հասարակական ընկալումները, այնքան փոքր է վստահության մակարդակը ցույց տվող ցուցանիշը, և հակառակը)։

Ներկայացվող աղյուսակում ներկայացված են 2016 թ․ Երջանկության համաթվով առաջատար և հետնապահ մի շարք երկրներ, ինչպես նաև Հայաստանի դիրքը այս ցուցանիշով (4,36)՝ 121-րդ տեղը 157 երկրի շարքում։

happiness-ranking
Ⓒ ArmScoop․ աղբյուրը՝ World Happiness Report 2016, Wikipedia.org

Երկրի վարկային վարկանիշ

Հայտնի է, որ վարկ տալուց առաջ ֆինանսական կառույցները, բանկերը գնահատում են քաղաքացիների վարկունակությունը, այսինքն՝ գնահատում, թե որքան պարտաճանաչ ենք մարել մեր ունեցած վարկերը, որքան կապիտալ, աշխատավարձ կամ գրավ ունենք։ Մոտավորապես նույն կերպ էլ հատուկ վարկանիշավորման կազմակերպություններն են գնահատում տարբեր երկրների վարկունակությունը՝ հասկանալու համար, թե ինչ վիճակում է այն, արդյոք մեծ է տվյալ երկրի՝ դեֆոլտի  (ֆինանսական պարտավորությունները կատարելու անկարողություն, անվճարունակություն) ենթարկվելու հավանականությունը։

Այդպիսի կառույցներից ամենահայտնիներն են Moody’s-ը, Fitch-ը և Standard & Poor’s-ը։

Նրանցից առաջին երկուսն են գնահատել Հայաստանի վարկունակության վարկանիշը՝ հաշվի առնելով մեր երկրի քաղաքական և տնտեսական ռիսկերը, եկամուտները, տնտեսական աճի հեռանկարը, հարկային ճկունությունը, պետական պարտքը, ազգային արժույթի կայունությունը, վճարունակությունը, միջազգային պահուստների առկայությունը և այլ գործոններ։ Ներկայացվող աղյուսակում Հայաստանի 2016 թ․ ցուցանիշները գնահատվել են ոչ ներդրումային՝ բարձր սպեկուլյատիվ սանդղակում․

moodys
Հայաստանի վարկունակության 2016թ․ վարկանիշները՝ B1 (Moody’s) և B+ (Fitch)

2015 թվականին մեր ցուցանիշները եղել են՝ Moody’s-ի դեպքում Ba3, Fitch-ի՝ BB-, այսինքն՝ այս տարի մեկ հորիզոնականի անկում է գրանցվել։ Վարկանշային այս կազմակերպությունների հիմնավորմամբ դա պայմանավորված է տնտեսական ցածր աճով, Ռուսաստանից Հայաստան ուղղվող դրամական փոխանցումների (տրանսֆերտների) նվազմամբ, ներդրումների անկմամբ, պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճով և այլ պատճառներով։


Ահա, վերջին օրինակով պարզաբանեցինք, թե ինչ հանգամանքներով կարող է պայմանավորված լինել որևէ երկրի դիրքը այլոց շարքում։ Սակայն երկրի դիրքը պայմանավորող հիմքերն ավելի շատ են։ Մյուս հոդվածում կանդրադառնանք այն պատճառներին, թե ինչու որոշ անբարենպաստ, անգամ անապատային տարածքով երկրներ բավական հարուստ են, իսկ ուրիշ երկրներ՝ նույնիսկ բնական պաշարների մեծ հարստությամբ, չեն կարողանում հասնել առաջինների ցուցանիշներին։

Հետևե՛ք մեր շարքին։

Արաքս Մանուչարյան
տնտեսագետ-ֆինանսիստ

Սյունակում հեղինակի արտահայտած մտքերը կարող են չհամընկնել ArmScoop-ի տեսակետներին։

Leave a Reply

Your email address will not be published.