Ֆինանսական 12 խորհուրդ Ամանորին ընդառաջ

2 տարի առաջ ծանոթացա գերմանացի մի հետաքրքրասեր բժշկի հետ։ Մի օր հարցրի՝ իսկ առաջ լսե՞լ էիք հայերի մասին։ Նա պատասխանեց, որ մի հայ գործընկեր ուներ, որն իրեն պատմել է Հայաստանում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ճանաչելու մասին, ծանոթացրել Կոմիտասին ու Արամ Խաչատրյանին և պատմել, թե ինչպես ենք հայաստանցիներս նշում Ամանորն ու Սուրբ ծնունդը, ասել, թե 7 օր ու գիշեր արթուն ենք մնում ու քեֆ անում, իսկ վերջում գրեթե բոլորով բուժվում ստամոքսի ու լյարդի խնդիրներից։ Ես իհարկե ծիծաղեցի և ասացի, որ տոների մասին ազգակցիս պատմածը լեգենդ է։

Լեգենդ, որն իրականում այնքան էլ հեռու չէ իրականությունից, այնպես որ այն խորհուրդները, որ պատրաստել ենք ձեզ համար, դեռ շատ արդիական են շատ ընտանիքների համար, այդ թվում՝ և իմ։

Քանի որ տնտեսագիտությունը սահմանափակ ռեսուրսները ճիշտ կառավարելու մասին գիտություն է, որոշեցինք «Այն ամենն, ինչ պետք է իմանալ տնտեսագիտությունից» շարքն ընդմիջել ձեր ընտանեկան բյուջեի հավասարակշռմանն ուղղված այս հոդվածով։ Ներկայացնում ենք 12 խորհուրդ, որոնց հետևելը բարդ կլինի, բայց հետևելու դեպքում արդյունքն էլ կյանքի բարելավված որակը կլինի։ 


amanor-1

Իհարկե, շատ բարդ է առանց մեծ ծախսեր կատարելու հյուրերին այնպիսի ուտեստ առաջարկել, որը նրանք ոչ մի այլ տեղ չեն համտեսել։ Բարդ է նաև հայտնի ու տարածված ուտելիքները ամենահամեղը պատրաստելը։ Բայց մի բան հեշտ է անել առանց մեծ ծախսերի․ տոնական օրերին ձեր տունը և նվերները կարող եք դարձնել յուրօրինակ՝ համացանցում առկա հազար ու մեկ հնարավորություններից օգտվելով։ Ահա դրանցից մի քանիսը՝

n-t_tree

Տոնածառներ

Ամենևին պարտադիր չէ ամանօրյա տոնածառի համար անտառում հատված թանկարժեք եղևնիներ կամ սոճիներ գնել, բացի այդ պետք է խնայել բնությունը, պարտադիր չէ նաև արհեստական տոնածառ գնել, հատկապես եթե դրա գնումը ֆինանսական լրացուցիչ բեռ է դառնում։ Փոխարենը հնարավոր է միաժամանակ և փող խնայելով, և նորարար մոտեցում դրսևորելով՝ յուրահատուկ տոնածառեր պատրաստել ստվարաթղթե արկղերից, պլաստիկե շշերից, չոր փայտերից կամ թղթից (նկարում պատկերված են օրինակները):

Այսկերպ մեկ գնդակով երեք նապաստակ կորսաք․ և՛ գումար կխնայեք՝ աստղաբաշխական գներով տոնածառ գնելուց խուսափելով, և՛ կվայելեք ընտանիքով մի նոր բան ստեղծելու հաճույքը, և՛ կլինեք յուրօրինակ ու նորարար։

Նվերներն ինքնուրույն փաթեթավորելու մի քանի յուրօրինակ եղանակներ ներկայացված են հետևյալ տեսանյութում։

amanor-2

Միշտ չէ, որ նորարարությունն արդարացված է։ Չարժե անիրական իմպրովիզներ անել ֆինանսական առանց այն էլ սուղ պայմաններում․ եթե ուտեստի նոր տեսակներ եք ցանկանում պատրաստել, ապա փորձե՛ք դրանք նախորդ ամիսների ընթացքում, քանի որ անհանգստությունը, և դեռ մի բան էլ վերջում վատ արդյունքը կարող են խաթարել տոնական լավ միջավայրը։ Նույն խորհուրդը գործում է նաև նոր կահավորանքի կամ զարդարանքի պարագայում․ իրատե՛ս եղեք։

Եթե մտադիր եք պատրաստի ուտելիք գնել (օրինակ՝ պատրաստի հնդկահավ), ապա անպայման նախապես փորձե՛ք այն, ապա նոր գնեք։

amanor-3

Հասանք Ամանորի ամենաբարդ թեմային՝ սննդամթերքի գնումներին։ Նախորդ տարիների փորձից ելնելով՝ կարող ենք ասել, որ խանութները և սուպերմարկետները հիմնականում հունվարի 3-ից արդեն աշխատում են, մի մասը բաց է նաև Նոր տարվա առաջին օրը։ Փաստորեն դժվար չի լինի 10 օրվա հնացած սնունդն ուտելու կամ եղածը թափելու փոխարեն թարմ սնունդ գնելը։ Այնպես որ, պարտադիր չէ Ամանորից դեռևս մեկ շաբաթ առաջ գնել (այն էլ «նախատոնական» խիստ թանկացված գներով) առաջիկա երկու շաբաթվա համար նախատեսված սննդի ամբողջ պաշարը։ Առաջարկվող խորհրդին հետևելով և սննդի մի մասն արդեն Նոր տարուց հետո գնելով՝ գուցե դուք միակը կլինեք, որ հունվարի 4-ին հյուրերին հենց նոր պատրաստած նրբաբլիթ (блинчик) կհյուրասիրի, բայց արդյունքում ամենից շատ գոհ կմնա ձեր օրգանիզմը (և ձեր ընտանիքի անդամների), և շատ ավելի լավ։

amanor-4

cakhserՆախապես սննդի ու անհրաժեշտ պարագաների ցուցակ կազմեք։ Ներկայացված աղյուսակը անձնական բյուջեի օրինակ է։ Ձեր ամանորյա «քսակը»՝ բյուջեն, ևս պետք է հավասարակշռված լինի՝ եկամուտները և ծախսերը պետք է հավասար լինեն։ Ցավոք հայաստանյան ընտանիքներում հաճախ է այդ հավասարակշռությունը խախտվում։ Այնինչ հենց հայկական ավանդական ասացվածքի համաձայն արժե «Ոտքերը վերմակի չափով մեկնել», այսինքն ծախսերը տեղավորել եկամուտների սահմաններում։ 

Ձեր կազմած ցուցակը մեկ անգամ և՛ս ստուգեք, առաջին և երկրորդ հայացքից ավելորդ ծախսերը հանե՛ք, փոփոխեք, ապա հանձնե՛ք ցուցակը ընտանիքի ամենաքննադատ անդամին՝ այն վերանայելու։ Այդպես որոշ ծախսեր և չափաբաժիններ կճշգրտվեն։

amanor-5

Առանձին մի երեկո նվիրեք նախորդ տարվա փորձը վերլուծելուն. ի՞նչ հնացած սնունդ թափեցիք անցյալ տարի, ի՞նչն էր ավելորդ, ինչի՞ց կարելի էր խուսափել:

Իսկ արդյո՞ք սնունդը ճիշտ ձևով էիք պահում անգամ սառնարանում: Որոշ խորհուրդների հետևելը կարող է նվազեցնել ռեսուրսները վատնելու հավանականությունը։ Օրինակ՝ մետաղյա տարաներով վաճառվող սնունդը (սունկ, ոլոռ, եգիպտացորեն) և բնական հյութերն ու կաթը խորհուրդ է տրվում անմիջապես տեղափոխել ապակյա տարաների մեջ։ Որոշ օրինակներ կարող եք գտնել այստեղ։

amanor-6

Իսկ ո՞վ է սահմանել, որ ամանորյա սեղանին անպայման պետք է ընդեղեն, խոզի բուդ կամ հնդկահավ լինի։ Այս և շատ այլ սննդատեսակներն ամանորյա սեղանին անպայման դնելու մեր կարծրատիպերի պատճառով են հենց, որ նմամ ապրանքների գները կտրուկ բարձրանում են Ամանորից առաջ։ Մի՛ հարստացրեք ձեզ ծուղակը գցողներին, ընդեղեն կարող եք հունվարի վերջին էլ ուտել։

amanor-7

Հախուռն գնումներից խուսափելու լավ տարբերակ է նախապես կազմել այն մարդկանց ցուցակը, որոնց համար ցանկանում եք նվեր գնել։ Ոչ մի դեպքում պետք չէ նվերը գնել «շատ սիրուն է, մեկին կնվիրեմ» սկզբունքով։ Եթե ընտանիքում կան փոքրիկներ, ապա կարող եք նվերներ գնել միայն նրանց համար։ Աշխատե՛ք ընտրել օգտակար նվերներ, այսինքն՝ նախապես վերլուծեք, թե ինչի կարիք նրանք ամենաշատը կունենան:

Մեծ նվերների մասին պետք է սկսել մտածել ավելի շուտ, որպեսզի ձեր բյուջեն մեծ ճեղքեր չունենա․ ծախսերը բաշխեք երկար ժամանակահատվածի համեմատ։ Իհարկե ասվածը չի վերաբերում այն դեպքին, երբ գիտեք, որ այդ ապրանքը զեղչի կենթարկվի Ամանորից առաջ։ Ամեն դեպքում մենք ձեզ խորհուրդ ենք տալիս նվերների համար գումար խնայել հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, որպեսզի դրանց ձեռքբերումը դառնա ոչ թե տհաճություն, այլ վաղուց պլանավորված հաճելի իրադարձություն։

amanor-8

Գնումներ կատարելու հերթականություն սահմանեք, ամբողջը երկու օրվա մի՛ թողեք։ Խառնաշփոթը, չհասցնելու անհանգստությունը բարձրացնում է սխալ հաշվարկներ անելու, գումար կորցնելու ռիսկը։ Ամենաքիչը 4 տարբեր օրերի ընթացքում գնումներ կատարելով՝ նախ գործը կհեշտանա, հետո էլ գուցե զգաք, որ նախապես պլանավորելիս որոշ գներ կամ չափաքանակներ ճիշտ չեք հաշվարկել, և տեղում ծախսերի վերանայում կատարեք։

amanor-9

Բանկոմատից կանխիկացրեք այդ օրվա գնումների համար նախատեսված գումարից 10%-ով ավելի գումար (օրինակ, եթե գումարը կազմում է 100 000, ապա կանխիկացրեք 110 000-ից ոչ ավելի)։ Սա ևս հետ կպահի ձեզ չպլանավորված և անտեղի ծախսերից։

secret-santa

Ինչ վերաբերում է Secret Santa խաղ-ավանդույթին (որևէ խմբում նվերների անանուն փոխանակման ամանորյա ավանդույթ), շատերի համար այն սեփական սոցիալական դիրքը ցույց տալու միջոց է, մինչդեռ ռացիոնալ մարդիկ իրենց «սանիկներին» ուրախացնում են առաջին հերթին ստեղծագործ, նորարար և հետաքրքիր մոտեցումով։ Գուցե ձեր ստեղծագործած մեկ էջանոց պատմվածքն ավելի ուրախացնի նրան, քան խանութից գնված թանկարժեք վերնազգեստը, որը նա ևս կարող էր գնել։ Թանկ դեռ չի նշանակում լավը։

amanor-10

Նոր տարվա օրերին ամեն ինչի կենտրոնում թող լինի հենց ձեր ընտանիքը․ պատրաստեք ձե′ր սիրելի ուտեստները, այլ ոչ թե ամեն տեղ հանդիպող, «պարտադիր» ուտելիքները։ Գուցե ամառային տոլման փոխարինվի սպասով, քյուֆթան էլ հարիսայով, արդյունքում էլ ընտանիքում կշատանան գոհ և ժպտացող դեմքով անդամները։

Բաժանեք նախատոնական աշխատանքն ըստ նախընտրությունների, պահպանե՛ք ընտանիքի դրական մթնոլորտը։

amanor-11

Եթե հաշվի առնենք, որ ամանօրյա հանգստյան օրերը հայկական ընտանիքների որոշ անդամների համար տարվա միակ արձակուրդն է, ինչպես նաև հաշվի առնենք չարչարանք/ստացված արդյունք հարաբերակցությունը, ապա արդյունավետ լուծում կարող է լինել նաև Նոր տարվա օրերին ընտանիքով քաղաքից կամ երկրից դուրս մեկնելը։ Այդպիսով կհամատեղեք տոնը և հանգիստը․ առաջինը կուրախանան ընտանիքի մայրիկները և շատ չարչարվողները, բայց վերջում գոհ կմանան բոլորը։

Իսկ եթե որոշել եք տոներին տանը լինել, ապա այժմ ճիշտ ժամանակն է գործերը վերջացնելու, այլ ոչ թե «դե Նոր տարուն կանեմ»-ին թողնելու, որպեսզի կարողանաք նաև հանգստանալ, ուժ հավաքել՝ նոր տարին նոր շնչով ու եռանդով սկսելու համար։


«Կա՞ արդյոք կյանք Նոր տարուց հետո» հարցին դրական պատասխան տալու համար բոլորիդ խորհուրդ ենք տալիս հետևել այս խորհուրդներին։ Եվ եթե դրանք օգտակար ու հետաքրքիր եք համարում, ապա ինքներդ փոխանցեք ձեր հարազատներին ու ընկերներին, թո′ղ նրանք էլ կարդան և օգտվեն

Շնորհավորում ենք ձեր և ձեր հարազատների գալիք տոները, մաղթում ենք, որ նոր տարում կարողանաք ավելի լավ կառավարել ձեր անձնական ու ընտանեկան միջոցները, լինեք խելամիտ գնորդներ, վերջապես մաղթում, որ ապրեք ֆիզիկական, նյութական ու հոգևոր ներդաշնակ կյանքով։

Արաքս Մանուչարյան
տնտեսագետ-ֆինանսիստ

happy-new-year

Leave a Reply

Your email address will not be published.