Այն ամենն, ինչ պետք է իմանալ տնտեսագիտությունից․ առաջին քայլեր

economic-1

Տնտեսագիտության վերաբերյալ բազմաթիվ լուրջ մարդիկ ժամանակին տվել են բազմաթիվ լուրջ սահմանումներ, սակայն մեզ դրանք այս պահին պետք չեն։ Մեզ պետք է այն ամենը, ինչը կօգնի երեկոյան հեռուստացույցի ալիքները փոխելիս և լրատվական կամ տնտեսական թեմաներով հաղորդում լսելիս հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում ու աշխարհում, քանզի դրանք վերաբերում են նաև հենց ձեր անձնական ու ընտանեկան ֆինանսներին։ Տնտեսագիտական գիտելիքների կարիքը զգացվում է նաև, օրինակ, նախընտրական քարոզարշավների ժամանակ, երբ թեկնածուները տնտեսական զարգացման խոստումներ և նոր լուծումներ են առաջարկում․ այդժամ պետք է կարողանանք բարի ցանկությունների ու գեղեցիկ խոստումների շարքից զանազանել մասնագիտորեն հիմնավորված ու իրագործելի առաջարկները։

Այդ ամենին հասնելու համար երկար ճանապարհ ունենք անցնելու։ Այսօր կանենք առաջին քայլերը՝ խոսելու ենք տնտեսագիտական հիմնական հասկացություններից երեքի՝ համախառն ներքին արդյունքի, գնաճի և գործազրկության վերաբերյալ։ Ուշադրություն՝ սահմանումներ չեն լինելու, տրվելու են միայն պարզ և հանրամատչելի բացատրություններ։


Համախառն ներքին արդյունք՝ ՀՆԱ

(անգլերեն տարբերակը՝ GDP: Gross domestic product)

Ի՞նչ է համախառն ներքին արդյունքը․ փորձենք հասկանալ հետևյալ օրինակի միջոցով։ Ենթադրենք՝  Ա երկիրը 2015 և 2014 թվականներին արտադրել է նշված ապրանքներն ու ծառայությունները նշված գներով (պայմանական միավոր)․

gdp-a

Երբ հաշվարկում ենք, թե Ա երկիրն ընդամենը որքան ապրանքներ և ծառայություններ է արտադրել, օրինակ, 2014-ին, ստանում ենք 2014-ին Ա երկրի ՀՆԱ-ի ցուցանիշը։ Այն 2015 թվականին կազմել է 110 599.8, իսկ 2014-ին՝ 108 317.75:

Նշենք իրական օրինակ․ Հայաստանի ՀՆԱ-ն 2015 թվականին կազմել է 5 032 089 000 000 (5 տրիլիոն 32 միլիարդ 89 միլիոն), իսկ 2014-ին՝ 4 828 626 300 000 դրամ:

Իսկ ի՞նչ եք կարծում՝ հասկանալու համար, թե մեր երկրում այս տարի որքան տնտեսական աճ է եղել, պետք է հաշվել, թե այս տարվա ՀՆԱ-ն որքանո՞վ է ավելացել նախորդի համեմատ։ Այո, մասամբ չեք սխալվի, սակայն մի կարևոր հավելում․ եթե այս տարի ապրանքներն ու ծառայությունները նույն քանակով արտադրված լինեն, ինչ նախորդ տարում, սակայն դրանց գները միայն աճած լինեն, ուրեմն ինչ՝ արդյո՞ք տնտեսական աճ ունենք։ Իհարկե ոչ։

Ա երկրի օրինակով կստացվեր, թե 2015-ին այն ունեցել է ՀՆԱ-ի 2.1% աճ՝ (110599.8-108317.75)÷108317.75 × 100% = 2.1%:

Սակայն այստեղ հաշվի չի առնվել գնաճի ազդեցությունը, այսինքն այն, որ աճը կարող է պայմանավորված լինել միայն գների աճով։ Ուստի այն պետք է հաշվի առնել։ Ա երկրում գնաճը կազմել է 1.9% (գնաճի բաժնում կբացատրենք նաև գնաճի հաշվարկման մեխանիզմը)։ Ուստի Ա երկրի իրական տնտեսական աճը, որը մասնագիտական տերմինով անվանում են ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատոր, կլինի՝ 2.1% – 1.9% = 0.2%։ Այդ ցուցանիշն արդեն վերաբերում է ծավալային աճին, որը գնաճի ազդեցությունը չի ներառում՝ ի տարբերություն արժեքայինի, որը գնաճի էֆեկտը ներառում է։

Մեր երկրում տարածված ցուցանիշ է Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)։ Ամեն ամիս հաշվարկվում է, թե արտադրության իրական ծավալը նախորդ ամսվա համեմատ որքան է փոփոխության ենթարկվել։ Ապա ամսական տվյալների հիման վրա հաշվարկվում է տարեկանը։ ՏԱՑ-ը հաշվարկվում է նախորդ տարվա միջին տարեկան գներով, ինչի շնորհիվ կարողանում ենք հասկանալ ծավալի իրական փոփոխությունը։

tac-2011-15
Աղբյուրը՝ Ազգային վիճակագրական ծառայություն, 21/11/2016

Գնաճ

«Այս գներն էլ միայն աճում են, հակառակը երբեք չեմ տեսել»՝ լսած կլինեք այս տարածված արտահայտությունը։

Իրականում հենց այս պահին մեր երկրում նկատվում է բացասական գնաճ։ Բայց ինչպե՞ս։

«Գաղտնիքն» այն է, որ ոչ թե բոլոր ապրանքների և ծառայությունների հիման վրա է հաշվարկվում գնաճը, այլ՝ մեր բնակչության կողմից սպառվող թվով 470 ապրանքների և ծառայությունների։ Դա կոչվում է սպառողական զամբյուղ։ Ամեն ամիս 3 անգամ ԱՎԾ-ի (Ազգային վիճակագրական ծառայություն) կողմից տնային տնտեսությունների շրջանում կատարվում են հարցումներ։ Սպառած ապրանքների ու ծառայությունների գների և ծավալների փոփոխությունների հաշվարկների հիման վրա էլ ստացվում է գնաճի ցուցանիշը։

Եթե օրինակ Ա երկրի գնաճը ցանկանանք հաշվարկել այն մեթոդով, որով Հայստանինն է հաշվարկվում, կլինի այսպես՝

2015-2014

= 1.019 կամ 101.9%Այսինքն՝ արդեն նշել էինք, որ գները աճել են 1.9%-ով։

Ստացված 101.9%-ը տնտեսագիտական լեզվով կոչվում է սպառողական գների ինդեքս։

index-11-15
Աղբյուրը՝ Ազգային վիճակագրական ծառայություն, 21/11/2016

Գործազրկություն

Գործազուրկ է համարվում աշխատունակ հասակի այն մարդը, որն աշխատանք չունի, սակայն ցանկանում է աշխատել և փնտրում է աշխատանք։ Գործազրկության ցուցանիշը հաշվարկվում է՝ գործազուրկների թիվը հարաբերելով տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակին։ Վերջինիս մեջ չեն կարող ներառվել, օրինակ, մինչև 15 տարեկանները կամ 75 տարեկանից բարձրերը, ինչպես նաև այն անձինք, որոնք օրենքով թույլատրելի աշխատաշուկայի մասնակից չեն։ Նրանց անվանում են տնտեսապես ոչ ակտիվ բնակչություն։

Տնտեսապես ոչ ակտիվ բնակչության մեջ ընդգրկվում են նրանք, ովքեր տվյալ ժամանակաշրջանում չեն եղել զբաղված (չեն աշխատել), ինչպես նաև չեն եղել գործազուրկ։ Տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը մասնավորապես ներառում է հետևյալ խմբերը.

  • առկա ուսուցմամբ սովորողները, ուսանողները,
  • տնային տնտեսությունը վարողները,
  • պարտադիր ժամկետային զինծառայողները,
  • կենսաթոշակառուները,
  • աշխատանք չունեցող այլ անձինք:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով 2015 թվականին Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչությունը եղել է 1 316 400 մարդ, որից 243 700-ը եղել է գործազուրկ, ուստի Հայաստանում 2015 թ․ գործազրկության պաշտոնական մակարդակը կազմել է 18.5%:

unemployment-11-15
Աղբյուրը՝ Ազգային վիճակագրական ծառայություն, 21/11/2016

Ահա, ուսումնասիրեցինք տնտեսագիտության հիմնաքարային 3 հասկացություններ։ Սակայն դրանք իմանալը գործի միայն մի փոքր մասն է, պետք է կարողանալ նաև այդ հասկացությունները բնութագրող թվերը «կարդալ»․ օրինակ, հասկանալ՝ այդքան գնաճը, ի վերջո, լավ է, թե ոչ։ Հաջորդ հոդվածում կանդրադառնանք հենց դրան։

Հետևե՛ք մեր շարքին։

Արաքս Մանուչարյան
տնտեսագետ-ֆինանսիստ

Սյունակում հեղինակի արտահայտած մտքերը կարող են չհամընկնել ArmScoop-ի տեսակետներին։

Leave a Reply

Your email address will not be published.