Բրիտանահայ գործարարը $30 միլիոն է նվիրաբերել Լոս Անջելեսի համալսարանի բժշկական դպրոցին

Բրիտանահայ ականավոր գործարար և բարերար Վաչե Մանուկյանն իր և կնոջ՝ Թամար Մանուկյանի անունից նշանակալի նվիրատվություն է կատարել Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի (UCLA) Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի մարսողական հիվանդությունների բաժանմունքին: Asbarez-ի հաղորդմամբ՝ 30 միլիոն դոլար նվիրատվությունը հնարավորություն կտա խթանելու մի շարք ուսումնասիրություններ, կլինիկական խնամքի նորարարական մեթոդներ և կրթական ծրագրեր: Այս առատաձեռն նվիրատվությունը ոգեշնչել է նվիրատվության այլ անանուն խոստումների՝ աջակցելու Գեֆենի բժշկական դպրոցի կարևոր նախաձեռնություններին։ Մանուկյանների մարդասիրական նախաձեռնության համար համալսարանն իր երախտագիտությունն է հայտնել՝ վերոնշյալ բաժանմունքն անվանակոչելով Վաչե և Թամար Մանուկյանների անունով:

Վաչե և Թամար Մանուկյաններ
Վաչե և Թամար Մանուկյաններ

Լոս Անջելեսի համալսարանի ղեկավար Ջին Բլոկն իր  խոսքում նշել է, որ այս բարեգործության շնորհիվ իրականացվելու են բժշկական նոր բացահայտումներ, որոնք կբարելավեն մարդկանց առողջությունն ու կփրկեն կյանքեր:  

Բաժանմունքը հայտնի է իր բազմակողմանի հետազոտություններով․ այն «U.S. News & World Report»-ի 2016-17 թթ. կատարած ուսումնասիրության արդյունքում ԱՄՆ-ում զբաղեցնում է 5-րդ տեղը:

«Նորարարությունը պահանջում է և՛ առաջնորդություն, և՛ ներդրումներ»,– նշել է մարսողական հիվանդությունների բաժանմունքի համանախագահ բժիշկ Էրիկ Իսրայելյանը,– «Թամարի և Վաչեի բացառիկ բարեգործությունը կօգնի վստահ լինել, որ համալսարանը կշարունակի մարսողական հիվանդությունների գաղտնիքների բացահայտումները, կկատարի գիտական բացահայտումներ և կպատրաստի ապագայի առաջատար բժիշկներ: Այս առատաձեռն նվիրատվությունը այդ ամենին հասնելու համար բաժանմունքին կտա անհրաժեշտ ճկունություն»:

Լոս Անջելեսում Կալիֆորնիայի համալսարանի բժշկական գիտությունների շենքը
Կալիֆորնիայի համալսարանի (Լոս Անջելես) բժշկական գիտությունների շենքը

«Թամարն ու ես հավատում ենք, որ բարեգործությունը ապագան ձևավորելու կարողություն ունի:  Հուսով ենք, որ մեր նվիրատվությունը ոչ միայն կբարելավի բժշկագիտությունը, այլ նաև օրինակ կլինի այլոց համար: Մենք լիահույս ենք, որ երիտասարդները կոգեշնչվեն և ներգրավված կլինեն նման կարևոր նախաձեռնություններում»,– իր հերթին ընդգծել է Վաչե Մանուկյանը։

Leave a Reply

Your email address will not be published.