Մարսի ուլտրամանուշակագույն լուսարձակումները և հրաբուխների վրա ձևավորվող ամպերը․ NASA (տեսանյութ)

Տիեզերական տարածության ուսումնասիրման և օդագնացության ԱՄՆ ազգային գործակալությունը՝ NASA-ն, հրապարակել է Մարս մոլորակի գիշերային երկնքում անդրամանուշակագույն (ուլտրամանուշակագույն) լուսարձակումների, ինպես նաև մոլորակի հրաբուխների վերևում ձևավորվող ամպերի պատկերներ։ Դրանք ստացվել են Մարսի մթնոլորտն ուսումնասիրող MAVEN տիեզերական սարքի օգնությամբ։ Ներկայացվող տեսանյութում Մարսի՝ իր առանցքի շուրջը մոտ 7 ժամ տևող պտույտի ընթացքը և դիտված երևույթները MAVEN-ի կողմից նկարահանվել են այս տարվա հուլիսի 9-10-ը։

© NASA

NASA-ի մեկնաբանությամբ՝ Մարսի հրաբուխների վերևում ամպերը ձևավորվում են նույն կերպ, ինչպես որ Երկրի լեռների վերևում են ամպեր առաջանում։ Իսկ կարմիր մոլորակի մութ՝ գիշերային կողմում նկատվող անդրամանուշակագույն լուսարձակումը Մարսին բնորոշ երևույթ է, առաջանում է նրա լուսավորվող (ցերեկային) կողմում սկսվող քիմիական փոխազդեցությունների արդյունքում։ Մասնավորապես, Արեգակի լույսը քայքայում է ածխաթթվային գազի (CO₂) և ազոտի (N) մոլեկուլները, ինչի արդյունքում ազոտի և թթվածնի ատոմները քամիների հոսանքների (որոնք մեծ բարձրություններում շրջապատում են Մարսը) կողմից քշվում են դեպի գիշերային կողմ, որտեղ ավելի ցածր բարձրությունների վրա միավորվում են ազոտի օքսիդի (NO) մոլեկուլների տեսքով։ Այդ փոխազդեցության արդյունքում էլ Մարսի գիշերային երկնքում առաջանում են լուսարձակումներ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ չկան լույսի այլ աղբյուրներ։ Ստացված պատկերները գիտնականներին հնարավորություն կտան հասկանալու, թե ինչպես են քամիները շրջանառվում կարմիր մոլորակի մակերևույթից շուրջ 60-100 կմ բարձրությունների վրա։

© NASA/MAVEN/University of Colorado

Պատկերները ցույց են տալիս Մարսի պտույտը 7 ժամվա ընթացքում։ Մուգ հատվածները Մարսի ժայռոտ մակերևույթի պատկերներն են, բաց գույնի հատվածները՝ ամպերը և փոշու փոթորիկները։ 3-րդ և 4-րդ նկարներում՝ վերին մասում, հստակ երևացող մուգ բիծը Մարսի (և ընդհանրապես Արեգակնային համակարգի) ամենաբարձր (22 կմ) հանգած հրաբուխն է՝ Օլիմպոս լեռը․ լեռան վրա բաց դեղնավուն պայծառ գույնով երևում է մարսյան մեկ օրվա ընթացքում ձևավորված ամպը։ Նույնպիսի բաց գույնով ամպեր են երևում նաև նկարների կենտրոնական հատվածում։ Նկարում Մարսի անդրամանուշակագույն լուսարձակումները պատկերված են կեղծ գունավորումներով՝ ցույց տալու համար, թե մարդն ինչ տեսքով կտեսներ մոլորակը, եթե աչքերը զգայուն լինեին (տեսնեին) անդրամանուշակագույն լույսի նկատմամբ։ | © NASA/MAVEN/University of Colorado

 

Leave a Reply

Your email address will not be published.