Միջազգային գիտաժողով | ԱՄՆ-ի Անկախության հռչակագիր-240 (հոդվածների կանչ)

«Համաշխարհային պատմության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի հետ համագործակցությամբ և Հայաստանում Ամերիկայի ՄԻացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ կազմակերպում են ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի 240-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով։

Ե՞րբ
հոկտեմբերի 17 
Որտե՞ղ
Հայաստանի ամերիկյան համալսարան
Հիմնադրույթների ներկայացման վերջնաժամկետը
սեպտեմբերի 16
Գիտաժողովի լեզուներ
անգլերեն և հայերեն
Հավելյալ մանրամասները տես ստորև:

Declaration-240_1026

Գիտաժողովի նպատակը

Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է համաշխարհային պատմության մեջ ամերիկյան քաղաքական մշակույթի մեծագույն ներդրումներից մեկը հանդիսացող Անկախության հռչակագրի 240-ամյակը:

Հռչակելով Մեծ Բրիտանիայից անկախ նոր ինքնիշխան պետություն՝ ԱՄՆ-ի Հիմնադիր հայրերը արտահայտեցին մարդու իրավունքների ու ազատությունների, ժողովրդի ինքնիշխանության այն հիմնարար գաղափարները, որոնք ամերիկացիների ազգային ինքնության և ամերիկյան պետականության կերտման կարևորագույն հիմնադրույթները դարձան։ Անկախության հռչակագիրը դասվում է այն փաստաթղթերի շարքին, որոնք գերազանցել են նախնական այն նպատակը, որին միտված էին: Այն յուրօրինակ ուղենիշ և խորհրդանիշ է դարձել ազատության ձգտող ազգերի համար ամբողջ աշխարհում: Հռչակագիրը վերահաստատում է այն սկզբունքը, որ ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել: 

Անկախության հռչակագրի տարեդարձը ԱՄՆ-ից բացի նշանավորում են ոչ միայն այն ժողովուրդներն ու պետությունները, որոնց ձևավորման վրա այն անմիջական ազդեցություն է գործել, այլև նրանք, որոնց համար ժողովրդավարության սկզբունքներն ու մարդու իրավունքները բարձրագույն արժեքներ են: Գիտաժողովը նպատակ ունի դիտարկել Անկախության հռչակագիրը, նրա զարգացումները, մեկնաբանությունները և ազդեցությունները պատմագիտական, իրավագիտական, քաղաքագիտական, տեսական-իմաստասիրական լայն միջգիտակարգային (միջդիսցիպլինար)  համատեքստում՝ 18-րդ դարավերջից մինչև արդիականություն: Գիտաժողովի կազմակերպիչներն ակնկալում են պատմագետների, իրավագետների, քաղաքագետների, իմաստասերների և խնդրով հետաքրքրված այլ մասնագետների ներգրավվածությունը:

Գիտաժողովի հիմնական զեկուցողներն են Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Ջեք Ն. Ռակովը (Jack N. Rakove) և Բոստոնի Սաֆոլկի համալսարանի պատմության պրոֆեսոր Ռոբերտ Ալիսոնը։

Մասնակիցների զեկուցումները հրատարակվելու են առանձին ժողովածուով:  

Գիտաժողովի ժամանակացույցը

  • Սեպտեմբերի 16 – զեկուցումների հիմնադրույթների ընդունման վերջնաժամկետ։
  • Սեպտեմբերի 23 – գիտաժողովի մասնակիցների ցանկի հրապարակում:
  • Հոկտեմբերի 5 – գիտաժողովի ծրագրի և զեկուցման հիմնադրույթների հրապարակում ՀՊՀԱ-ի կայքում հետևյալ հղմամբ՝ worldhistory.am:
  • Հոկտեմբերի 17 – գիտաժողովի անցկացում:

Զեկուցման հիմնադրույթների (թեզիս) համար առաջադրվող պահանջները

Զեկուցման հիմնադրույթների ծավալը՝ 300-500 բառ, լեզուն՝ հայերեն կամ անգլերեն: Նշել հեղինակ(ներ)ի անունը, ազգանունը, գիտական կոչումը, հաստատությունը, որը ներկայացնում է (են), էլեկտրոնային փոստի հասցեն(երը), հեռախոսահամար(ներ), 5-7 բանալի բառեր: Զեկուցման հիմնադրույթները և ինքնակենսագրությունը անհրաժեշտ է մինչև 2016 թ. սեպտեմբերի 16-ը ուղարկել էլ. փոստի հետևյալ հասցեին՝  armworldhistory@gmail.com։

Գիտաժողովի կազմկոմիտե

  • Ալբերտ Ստեփանյան, պատմ. գիտ. դոկտ., պրոֆ., ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, «Համաշխարհային պատմության հայկական ասոցիացիայի» նախագահ,
  • Տիգրան Մկրտչյան, Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան,
  • Թոմաս Սամուելյան, բան. գիտ. թեկ., պրոֆեսոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան,
  • Լիլիթ Մինասյան, պատմ. գիտ. թեկ., դոցենտ, «Համաշխարհային պատմության հայկական ասոցիացիայի» փոխնախագահ,
  • Ջուլիետա Կճանյան, ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս, «Համաշխարհային պատմության հայկական ասոցիացիայի» խորհրդի քարտուղար:

Գիտաժողովի անցկացման վայրը՝  ՀԱՀ, «Փարամազ Ավետիսյան» մասնաշենք, «Ալեք և Մարի Մանուկեան» սրահ, 3-րդ հարկ (հասցե՝ Մ․ Բաղրամյան պող, 40):

Հարցերի դեպքում զանգահարել (+374 41) 30 50 56 հեռախոսահամարով:

Leave a Reply

Your email address will not be published.