«Ղարաբաղի բարբառի բառարան» • «Արցախի բանահյուսությունը» | Գրադարան

artsakh

Ղարաբաղի բարբառը հայերենի ամենատարածված ու կենսունակ բարբառներից է, որով ներկայում հաղորդակցվում են Արցախում, ինչպես նաև Սփյուռքի որոշ գաղթօջախներում (առավելապես ՌԴ-ում) բնակվող հարյուր հազարավոր հայեր։ Ղարաբաղի բարբառն ունի բազմաթիվ ենթաբարբառներ ու խոսվածքներ, որոնք զգալիորեն տարբերվում են միմյանցից։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում տարածված մի շարք խոսվածքներ (Գորիսի, Կապանի, Իջևանի և այլն) այդ բարբառի ենթաբարբառներ են։ Մինչև 1980-ական թթ․ վերջը (նախքան հայերի բռնագաղթը) Ղարաբաղի բարբառը խոսվել է նաև Հյուսիսային Արցախում, Գանձակում, ինչպես նաև Բաքվում ու Ադրբեջանի այլ բնակավայրերում։

Ղարաբաղի բարբառի՝ գիտական հետաքրքություն ներկայացնող տարբեր հարցերի ուսումնասիրությամբ զբաղվել են մի շարք անվանի լեզվաբաններ՝ Հր․ Աճառյանը, Ա․ Ղարիբյանը, Գ․ Ջահուկյանը, Կ․ Դավթյանը և ուրիշներ։ Ներկայում Ղարաբաղի բարբառի ու տեղական բանահյուսության գիտական հետազոտությամբ է զբաղվում լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանը։ ArmScoop-ը ներկայացնում է վերջինիս «Ղարաբաղի բարբառի բառարան» և «Արցախի բանահյուսությունը» աշխատությունների էլեկտրոնային տարբերակները*։

* ArmScoop-ը շնորհակալություն է հայտնում հեղինակին արժեքավոր աշխատությունները հրապարակման իրավունքով տրամադրելու համար։

Ղարաբաղի բարբառի բառարանը (Երևան, 2013) հեղինակի երկար տարիների աշխատանքի արդյունքն է։ Այն ներկայացնում է բարբառի խոսվածքներում գործածվող ավելի քան 40 հազար միավոր բառերը, ոճերն ու դարձվածները։ Բառահոդվածները օժտված են քերականական, իմաստաբանական, լեզվաոճական և ծագումնաբանական նշումներով ու բացատրություններով, տպագիր ու ձեռագիր աղբյուրներից ու բանավոր խոսքից քաղված անհրաԺեշտ վկայություններով։

Ներբեռնել գիրքը

Արցախի բանահյուսությունը ժողովածուն (Երևան, 2015) ընդգրկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 163 բնակավայրերից 1992-2014թթ. հեղինակի գրառած բանահյուսական նյութերը, որոնք ներկայացված են երեք բաժիններով՝ վիպա կան բանահյուսություն (հեքիաթներ, ավանդություններ, առակներ, զվարճախոսություններ), քնարական բանահյուսություն (խաղիկներ, չափածո այլ ստեղծագործություններ), ասույթաբանական բանահյուսություն (առած-ասացվածքներ, անեծքներ, օրհնանքներ և բարեմաղթանքներ, հանելուկներ, գյուղերի և քաղաքների մականուններ, մարդկանց մականուններ, շուտասելուկներ, հանգախաղեր)։ Ժողովածուն ունի նաև ընդարձակ առաջաբան, նյութերի գրառման հանգամանքները ներկայացնող ծանոթագրություններ, բառարան, ցանկեր։ Այն նախատեսված է բանագետների, ազգագրագետների, բարբառագետների և ընթերցող լայն շրջանների համար։

Ներբեռնել գիրքը

ArmScoop-ի գրադարանում կարող եք ներբեռնել նաև Հրաչյա Աճառյանի «Քննութիւն Ղարաբաղի բարբառին» (Վաղարշապատ, 1899) աշխատության էլեկտրոնային տարբերակը։

Leave a Reply

Your email address will not be published.