«Լույսի» Գիտելիքի փառատոն | սոցիալական մեդիայի մարկետինգի (SMM) գաղտնիքները

Luys-f

Հուլիսի 28-ին և 29-ին «Լույս» հիմնադրամի՝ աշխարհի լավագույն համալսարաններում սովորող կրթաթոշակառուները «գիտելիքի փառատոն» էին նվիրել մասնակիցներին՝ մասնագիտական և հանրամատչելի թեմաներով սեմինարներ վարելով ավագ դպրոցականների և ուսանողների համար։ ArmScoop-ը նույնպես ներկա է գտնվել այս իրադարձությանը: 

marina_chilingaryanՄարինա Չիլինգարյանը Կալիֆորնիայի համալսարանի (Բերկլի) Մեդիայի ուսումնասիրության և բիզնեսի ֆակուլտետի բակալավր է, «Այբ» ավագ դպրոցի շրջանավարտ: Բերկլիի համալսարանում և մերձմասնագիտական ակտիվ գործունեության ընթացքում մասնագիտանում է մեդիա աշխարհի և գործարարության, մասնավորապես մարկետինգի ուսումնասիրությունների ոլորտում։

Արագ զարգացող աշխարհում արագորեն փոփոխվում են նաև մարկետինգի ռազմավարությունները: Որո՞նք են ժամանակակից սոցիալական մեդիայի մարկետինգի (Social Media Marketing, SMM) մարտահրավերները: Որո՞նք են այն կանոնները, որոնք անհրաժեշտ է կիրառել մեդիա բովանդակություն ստեղծելիս: «Գիտելիքի փառատոնի» շրջանակներում կայացած սեմինարի ընթացքում այս և թեմային առնչվող այլ հարցերի վերաբերյալ իր մասնագիտական տեսակետները ներկայացրեց Մարինա Չիլինգարյանը։

Սոցիալական մեդիայի մարկեթինգը մեդիադաշտում լսարանի մեծացման, ապրանքանիշի կամ կազմակերպության նկատմամբ ուշադրության բարձրացման գործընթաց է սոցիալական հարթակների միջոցով: Այն սոցիալական մեդիայի օգտագործման համալիր է, որը նպատակ ունի նպաստելու կազմակերպությունների առաջխաղացմանը և լուծելու այլ բիզնես առաջադրանքներ: 

SMM

Սեմինարի ընթացքում բանախոսը մասնավորապես անդրադարձավ մի քանի կարևոր կանոնների, որոնք չափազանց կարևոր են ճիշտ ռազմավարություն մշակելու գործում: Մարինա Չիլինգարյանը ընդգծեց, որ սոցիալական մեդիայի մարկետինգը շատ դինամիկ գործընթաց է, այդ պատճառով հարկ է անընդհատ ուսումնասիրել լսարանի հետաքրքրությունները, հասկանալ նրանց նախասիրություններն ու ակնկալիքները, առավել մեծ ուշադրություն դարձնել մատուցվող նյութի որակի, այլ ոչ թե քանակի վրա և այդ առումով մշտապես լինել հետևողական: 

Խոսվեց նաև տեսողական նյութերի (նկար, տեսանյութ, շարժապատկեր) կարևորության և դրանք գրագետ ներկայացնելու մասին: Բանախոսի հավաստմամբ՝ տեսողական նյութերը, որոնք սոցիալական մեդիա մարկետինգի ռազմավարության անբաժանելի մասն են կազմում, իրենց նպատակին լավագույնս կծառայեն, եթե լինեն բովանդակալից, հակիրճ, վառ ու հետաքրքիր: Կյանքի արագ ռիթմին համընթաց՝ կարևոր է ուշագրավ նյութ մատուցելը, որպեսզի մարդիկ իրենց ժամանակը զուր վատնված չհամարեն: Տեսողական նյութեր պատրաստելու համար բնավ պարտադիր չէ լինել մասնագիտական ծրագրերի, օրինակ՝ Photoshop-ի մասնագետ՝ համացանցում կան բազմաթիվ հարթակներ, որոնք թույլ կտան որակյալ ու հետաքրքիր նյութ ստանալ:

Տաթև Հովհաննիսյան

Leave a Reply

Your email address will not be published.