ՆԱՏՕ-Հարավային Կովկաս փոխգործակցության զարգացման դիրքորոշումները. հայացք Հարավային Կովկասից

Արամ Թերզյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, քաղաքագիտության բաժին, մագիստրատուրա 2-րդ կուրս

2008թ. ապրիլին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հերթական անգամ ակնհայտ դարձրեց` հարավկովկասյան տարածաշրջանի բաղկացուցիչ Վրաստանը վաղ թե ուշ անդամակցելու է ՆԱՏՕ-ին` նշանավորելով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դերակատարության կտրուկ աճ` դրանից բխող տարածաշրջանային ուժային հարաբերակցության ձևափոխություններով, ՆԱՏՕ-ՌԴ- Հարավային Կովկաս փոխհարաբերությունների նոր փուլի մեկնարկով :

Թվում էր` ԽՍՀՄ փլուզումն ու երկբևեռ հակամարտության ավարտը պետք է նշանավորեին ՆԱՏՕ-ի` որպես սոցիալիզմի «համաշխարհային տիրապետություն» ստեղծելու ԽՍՀՄ նկրտումների դեմ պայքարող գործիքի գործունեության ավարտը, սակայն իրական կյանքը միանգամայն այլ կերպ ընթացավ: Երբ այլևս վերացել էր Խորհրդային Միության ապառնալիքը, կազմակերպությունը կանգնեց երկընտրանքի առջև. այն ստիպված էր կամ վերանայել իր նպատակներն ու խնդիրները փոփոխվող իրականությանը համարժեք, կամ էլ առհասարակ դադարեցնել իր գոյությունն ու գործունեությունը: Նոր դերի փնտրտուքը երկար սպասեցնել չտվեց, քանզի ՆԱՏՕ-ն ընտրեց «փոփոխություն հանուն գոյության»(”we must change in order to survive”) տարբերակը`իրականացնելով ֆունկցիոնալ կառուցվածքային էական փոփոխություններ, ձեռք բերելով անվտանգության նոր դոմեններ: Անվտանգության բաղադրիչների ու սպառնալիքների նորովի ընկալումն ուղենշեց նաև դրա ապահովման տարածական չափումները`արձանագրելով ՆԱՏՕ-ի «ներթափանցումը» հետխորհրդային տարածություն` դրանից բխող սկզբունքորեն նոր իրավիճակով, ՆԱՏՕ-ՌԴ աշխարհաքաղաքական մրցակցության նոր փուլի մեկնարկով: Աշխարհաքաղաքական այսօրինակ ձևափոխություններն իրենց ազդեցության տեսակետից անմասն չթողեցին հետխորհրդային տարածության բաղկացուցիչ հարավկովկասյան նորանկախ պետություններին, որոնք իրենց արտաքին ու անվտանգության քաղաքականություններում չէին կարող անտեսել եվրատլանտյան անվտանգության ապահովման գործընթացի գլխավոր դերակատար ՆԱՏՕ-ի գործոնը:

Թեև ի սկզբանե ՆԱՏՕ-ի ու հարավկովկասյան երկրների միջև հաստատվեցին գործընկերային հարաբերություններ, ի հայտ եկան մի շարք հանգամանքներով պատճառավորված որոշակի խնդիրներ: Եթե դրանց մի մասն ուներ օբյեկտիվ բնույթ` պայմանավորված, մասնավորապես, աշխարհաքաղաքական առկա իրողություններով ու պետությունների շահերով, խոչընդոտող գործոնների մյուս մասն առավել սուբյեկտիվ բնույթ ուներ`հանդիսանալով նախկին համակարգի ժառանգությունն ու տրամաբանական հետևանքները: Տեղի հանրույթների շրջանում առկա էին խորհրդային ժամանակներից եկող նախապաշարումներ, անգամ խիստ բացասական մոտեցումներ ՆԱՏՕ-ի հանդեպ, քանզի դեռևս վառ էին աշխարհի երկու` միմյանց հակադիր ռազմաքաղաքական բլոկների`մի կողմից սոցիալիստական երկրների համագործակցության և Վարշավայի պայմանագրի ռազմական կազմակերպության, մյուս կողմից` արևմտյան երկրների համագործակցության և ՆԱՏՕ-ի միջև ընթացած կատաղի պայքարի հիշողությունները: Նկատենք, որ ի տարբերություն հարավկովկասյան այլ երկրների, որոնց մոտ հուզականությունը շուտով տեղի տվեց պրագմատիզմին ու իրական կյանքի հրամայականներին, հայաստանյան բնակչության մի մասի մոտ դեռևս առկա են հականատօյական զգացմունքներ` մեծապես պայմանավորված Թուրքիայի`ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքով: Հարկ է նշել, սակայն, որ հարավկովկասյան պետությունների դիրքորոշումները ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության զարգացման վերաբերյալ մեծամասամբ զերծ են հուզական-զգացմունքային բաղադրիչից` հիմնվելով գերազանցապես իրենց անվտանգության հրամայականների, ազգային շահերի ու դրանց հնարավորինս սպասարկելուն ուղղված ռացիոնալ հաշվարկների վրա:

Պարզ է`հարավկովկասյան երկրներն ունենալով անվտանգության ազգային ու տարածաշրջանային բաղադրիչների յուրովի, իսկ հաճախ նաև միմյանց ուղղակիորեն հակադրվող ընկալումներ, ունեն նաև դրանց ապահովման տարբեր տեսլականներ, որոնցից յուրաքանչյուրում մասնավորապես ՆԱՏՕ-ին խիստ տարբեր տեղ, դեր ու նշանակություն է հատկացվում: Հիմնախնդրի հստակեցման համար հարկ է անդրադառնալ հարավկովկասյան երկրներից յուրաքանչյուրի դիրքորոշմանը ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության հեռանկարի վերաբերյալ: ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության զարգացմամբ ու դաշինքին անդամակցությամբ շահագրգռված է հատկապես Վրաստանը, որը, ընդգծելով իր քաղաքականության «եվրոպական» բնույթը, ձգտում է եվրոպական և եվրատլանտյան կառույցներին լիարժեք ներգրավմանը: 1999թ. Վրաստանի նախագահ Է. Շևարդնաձեն վրացական արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը հռչակեց որպես առաջնահերթություն, որի կարևորագույն բաղկացուցիչներից է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության սերտացումը, Դաշինքին պետության անդամակցությունը, ուստիև միանգամայն օրինաչափ է, որ 2002թ. Պրահայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Շևարդնաձեն պաշտոնապես հնչեցրեց ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումը: Հիմնահարցն առավել հրատապ դարձավ Մ. Սահակաշվիլու իշխանության գալով, քանզի «եվրոպական ուղղությունը» և ՆԱՏՕ-ին ինտեգրումը դարձան Վրաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղություններ: Հիմնախնդրի հստակեցման համար հարկ է անդրադառնալ Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգին, որում մասնավորապես նշված է»Անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Վրաստանի արտաքին ու ազգային քաղաքականության առաջնահերթությունն է: Վրաստանը ՆԱՏՕ-ն դիտում է որպես եվրատլանտյան տարածությունում անվտանգության ու կայունության ապահովման գլխավոր մեխանիզմ, որի հետ փոխգործակցության զարգացումը նպաստում է Վրաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը (հատկապես պաշտպանության ոլորտում), կայուն և անվտանգ միջավայրի ձևավորմանը»1: Վրացի մի շարք վերլուծաբաններ համոզված են`Վրաստանի արտաքին քաղաքականության եվրոպական բաղադրիչի բարձրակետը`անդամակցությունը ԵՄ-ին կարող է իրականություն դառնալ միայն ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո 2:

Նկատենք սակայն, որ Վրաստանի ձգտումները դեպի եվրատլանտյան կառույցներ միշտ չէ, որ խրախուսանքի են արժանանում նույն այդ կառույցների կողմից. 2007թ.-ի հոկտեմբերին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Էրվե Մորինը հայտարարեց, որ Փարիզը դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքին Թբիլիսիի անդամակցությանը, եթե դա կբերի Ռուսաստանի հետ առճակատման 3: Որդեգրելով «Հարավային Կովկասն առանց Ռուսաստանի» սկզբունքը`Վրաստանն այդուհանդերձ չի կարող անտեսել ՌԴ տարածաշրջանային շահերն ու դիմել միակողմ գործողությունների, ինչը հղի է երկրի համար անցանկալի հետևանքներով ու սպառնալիքներով:

Հիմնախնդրին անդրադառնալով հայաստանակենտրոնության դիրքերից` հարկ է հստակեցնել ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության զարգացման հայաստանյան դիրքորոշումը` վերհանելով նաև դրա վրա ազդող հիմնարար գործոնները: Կարծում ենք` ՀՀ դիրքորոշման վրա ազդում են գործոնների երկու հիմնական խումբ, այն է` անվտանգության հայաստանյան ընկալումը, դրա քաղաքակրթական ու աշխարհայացքային առանձնահատկությունները, ինչպես նաև աշխարհաքաղաքական առկա իրողություններն ու միտումները` արտահայտված ուժերի տարածաշրջանային հարաբերակցությամբ և այն փոփոխելուն ուղղված անհաշտ մրցակցությամբ: Քաղաքակրթական, աշխարհայացքային առումով ՀՀ դիրքորոշումն իր վրա մեծապես կրում է Թուրքիայի` ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքը, որը որոշակի «հականատօյական» զգացմունքներ է առաջացնում, ինչպես բնակչության մեծամասնության, այնպես էլ քաղաքական վերնախավի մոտ: «Փաստորեն փակ է ոչ միայն հայ-թուրքական սահմանը, այլև Հայաստանի սահմանը ՆԱՏՕ-ի հետ» 4, -2000թ. ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նշեց ՀՀ փոխարտգործնախարար Ռ. Շուգարյանը: Հայաստանյան ղեկավար շրջանակները պարբերաբար նշել են, որ Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերություններն էապես խոչընդոտում են ՆԱՏՕ-ի հետ հետագա հարաբերությունների զարգացմանը*1: Իրականում խնդիրն առավել խոր քաղաքակրթական հիմքեր ունի և անվտանգության հայաստանյան ընկալումն, իր վրա կրելով քաղաքակրթական գործոնի ազդեցությունը, աշխարհայացքային առումով կարծես անհամատեղելի է թվում անվտանգության «թուրքական» ընկալման, դրա ապահովման ինստիտուցիոնալ կազմավորման (ՆԱՏՕ-ի) անվտանգության տեսլականի հետ: Միաժամանակ հարկ է նշել, որ անվտանգության ՆԱՏՕ-ի և Թուրքիայի ընկալումները ևս լիարժեքորեն նույնական չեն *2:

*1 2001թ. ՀՀ պաշտպանության փոխնախարար Ա. Աղաբեկյանը նշեց, որ թուրքական գործոնի պատճառով հայաստանյան հասարակությունը բացասաբար է վերաբերվում ՆԱՏՕ-ին, իսկ 2002թ. ՀՀ տարածքում ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացնելու կապակցությամբ նախագահ Ռ. Քոչարյանը նշեց, որ հուզական առումով ուրախությամբ չի ընդունում թուրքական անձնակազմի մասնակցության փաստը Հայաստանում կայանալիք զորավարժություններին:

*2 Նշյալի մասնավոր դրսևորումներից էր 2003թ. Իրաքի դեմ ձեռնարկված ռազմական գործողությունների նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը, որը հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ, այդուահանդերձ հրաժարվեց իր տարածքը տրամադրել Իրաքը ռմբակոծելու համար:

Նկատենք, սակայն, որ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության զարգացման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումն առավել մեծ չափով իր վրա կրում է ՀՀ արտաքին ու անվտանգության քաղաքականության «ռուսական» ու «իրանական» չափումների ազդեցությունը: Անհրաժեշտաբար պետք է հաշվի առնել մի շարք հիմնարար պատճառների ուժով ՀՀ արտաքին քաղաքականությունում «ռուսական» վեկտորի գերակայությունը, որն, անշուշտ, իր ծանրակշիռ ներգործությունն է թողնում ՀՀ արտաքին ու անվտանգության քաղաքականության, դրանից բխող Հայաստանի` ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության զարգացման վերաբերյալ ունեցած դիրքորոշման ու համարժեք քաղաքականության վրա: Լինելով տարածաշրջանում Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ու անվտանգության հարցերի գրեթե ողջ համալիրն ընդգրկող համաձայնագրերի համակարգով սերտորեն կապված լինելով ՌԴ հետ` ՀՀ արտաքին ու անվտանգության քաղաքականությունը չի կարող իր վրա չկրել Ռուսաստանի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի վերաբերյալ, որոնց միջև(ՌԴ-ՆԱՏՕ) հարաբերությունները ոչ այնքան(ոչ թե)համագործակցային, որքան մրցակցային են: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր հարցազրույցներից մեկում նշել է նախագահ Ռ. Քոչարյանը. «հայացք գցելով աշխարհի քաղաքական քարտեզին, Հարավային Կովկասին, որտեղ մշտապես առկա է Ռուսաստանի ազդեցությունը, Թուրքիայի ու Իրանի սահմանին հարող Հայաստանին, ինքներդ ձեզ հարց տվեք`արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը կբարձրացնի Հայաստանի անվտանգության աստիճանը, թե ճիշտ հակառակ ազդեցությունը կունենա. այդ իսկ պատճառով մենք չեք խոսում ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին և նման խնդիր չենք հետապնդում» 5: Նկատենք սակայն, որ ՀՀ ղեկավար շրջանակները, մշտապես կարևորել են ՆԱՏՕ-ի` որպես եվրատլանտյան անվտանգության հարցերով զբաղվող առանցքային կազմակերպության հետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը: Ինչպես 2002թ. նշել է պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը. «մենք մտադիր չենք անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն շահեկան համագործակցությունը բոլոր շահագրգռված միջազգային կազմակերպությունների հետ ուղղակի անհրաժեշտ է»,- հավելելով, որ «Ռուսաստանն ինքն էլ մասնակցում է ՆԱՏՕ-ի բազում ծրագրերին, և այդ առումով Հայաստանը որոշ չափով հետ է մնացել Ռուսաստանից» 6: ՀՀ արտաքին քաղաքականության «փոխլրացման» և «ներգրավման» հիմնասկզբունքներն ինքնին ենթադրում են համագործակցային հարաբերություններ շահագրգիռ ուժային կենտրոնների հետ, առանց որոնց ՀՀ համար չափազանց բարդ կլինի ազգային շահերի ու ազգային անվտանգության հրամայականների հիմքով արտաքին ու անվտանգության հայաստանակենտրոն քաղաքականություն իրականացնել հարավկովկասյան գերհագեցած աշխարհաքաղաքական միջավայրում:

ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման և դրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշման վրա էապես ազդում է նաև ՀՀ արտաքին քաղաքականության «իրանական» չափումը`ՀՀ սերտ փոխգործակցությունն Իրանի հետ և նրա «հայտնի» դիրքորոշումը ՆԱՏՕ-ի վերաբերյալ:Ակնհայտ է` Իրանը չի կարող հանգիստ հետևել տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանն ու դրա կարևոր բաղկացուցիչներից մեկը հանդիսացող ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ազդեցության ընդլայնմանն` ուղղված տարածաշրջանային ուժային հարաբերակցության փոփոխմանը, ուստիև իր մասով նպաստում է ստատուս-քվոյի պահպանմանը`որոշակիորեն սահմանափակելով ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության խորացումն ու ընդլայնումը: Չեն սխալվում հիմնախնդրին անդրադարձած հեղինակները` փաստելով, որ հայ-իրանական փոխգործակցությունը բխում է ՀՀ ազգային շահերից` չմոռանալով հիշատակել նաև դրա բացասական ներգործությունը արևմտյան և մասնավորապես` եվրատլանտյան կառույցների հետ ՀՀ փոխգործակցության զարգացման վրա 7:

Թեև ՀՀ դիրքորոշումը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացման հեռանկարի վերաբերյալ հիմնականում անփոփոխ է մնացել դաշինքի հետ փոխգործակցության հաստատման սկզբնական ժամանկահատվածից (ՀՀ-ն երբեք ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիր չի դրել իր առջև), ՀՀ-ՆԱՏՕ մոտ մեկուկես տասնամյակ տևած փոխգործակցության ընթացքում հայաստանյան իրականությունում արձանագրվել են աշխարհայացքային նշանակալի փոփոխություններ, էապես փոխվել է ՆԱՏՕ-ի ընկալումը հայաստանյան բնակչության ու իշխող վերնախավի մոտ. եթե 1990-ական թթ. վերջերին ՀՀ ղեկավար պաշտոնյաների մասնակցությունը ՆԱՏՕ-ի միջոցառումներին հայաստանյան իրականությունում կարող էր որակվել իբրև «դավաճանություն ՀՀ և ՌԴ հարաբերությունների և ՀՀ ազգային-պետական շահերի նկատմամբ» *, ապա ներկայումս ՆԱՏՕ-ի առանցքային դերը եվրոպական անվտանգության ապահովման գործընթացում և, համապատասխանաբար, դաշինքի հետ համագործակցության շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը կասկածի չի ենթարկվում ո’չ ՀՀ իշխող վարչակազմի, ո’չ հայաստանյան ընդդիմության շրջանում: ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման կարևոր քայլ էր 2004թ. ՆԱՏՕ-ում ՀՀ հատուկ դեսպանի նշանակումը, որը Երևանի կողմից փոխհարաբերությունները խորացնելու ձգտման կարևոր ազդանշան էր:

* Հենց այսպես էր որակել Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ս. Բադալյանը նախագահ Ռ. Քոչարյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված վաշինգտոնյան հոբելյանական գագաթաժողովին:

ՆԱՏՕ-Հարավային Կովկաս փոխգործակցության զարգացման տեսանկյունից ներկայումս հատկապես կարևորվում է ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության ընդլայնումն ու խորացումը, քանզի Հայաստանն իր հարավկովկասյան հարևան պետություններից, որոնք այս ուղղությամբ նշանակալի առաջընթաց են ապահովել, բավական հետ է մնում: Ինչպես իրավացիորեն նշել է արտգործնախարար Վ. Օսկանյանը»Եթե ստացվի այնպես, որ Վրաստանը և Ադրբեջանը ի վերջո դառնան ՆԱՏՕ-ի անդամներ, իսկ Հայաստանը` ոչ, ապա բացահայտ է, որ դա կբերի Կովկասում նոր բաժանարար գծերի առաջացմանը»8:

Նման հեռանկարից խուսափելու համար անհրաժեշտ է, որ հարավկովկասյան պետությունները հստակորեն գիտակցեն անվտանգության, դրա ազգային ու տարածաշրջանային բաղադրիչների փոխկապվածությունն ու փոխկախվածությունը, գործեն այն տրամաբանությամբ, որ նրանցից ոչ մեկը չի կարող հասնել կայուն անվտանգության միակողմ կամ միմյանց դեմ ուղղված գործողությունների, միմյանց կենսական շահերն ու անվտանգության տեսլականներն անտեսելու պարագայում:

Այլ է հարավկովկասյան մեկ այլ պետության` Ադրբեջանի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության զարգացման վերաբերյալ. տարբերությունները բնական ու բանական են` պատճառավորված հարավկովկասյան երկրների (մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի) անվտանգության ազգային ու տարածաշրջանային բաղադրիչների տարբեր ընկալումներով, աշխարհայացքային ու քաղաքակրթական առկա տարբերություններով, ուժերի տարածաշրջանային հարաբերակցությամբ և ազգային շահի հիմքով անվտանգության քաղաքականություն իրականացնելու տարբեր հրամայականներով: Եթե ՀՀ- ՆԱՏՕ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն էապես խոչընդոտում է ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ն`ՆԱՏՕ-ի հետ իր մրցակցային հարաբերություններով, ապա Ադրբեջանը նման «խոչընդոտ» չունի, ավելին`Ադրբեջանի ռազմավարական դաշնակից ու «մեծ եղբայր» Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ինչն ինքնին դաշինքին ինտեգրվելու լուրջ խթան ու կարևոր շարժառիթ է: Չեն սխալվում վերլուծաբանները`նշելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի փոխգործակցությունը շատ ավելին է քան սոսկ միջպետական համագործակցությունը` հիմք ընդունելով այն իրողությունը, որ վերջիններս ներկայումս ձևավորում, իսկ մասամբ արդեն ձևավորել են տնտեսական, պաշտպանական, արտաքին քաղաքականության միասնական համակարգ, հասել են անվտանգության գրեթե միանման ընկալմանը և, համապատասխանաբար, խիստ համաձայնեցված են հանդես գալիս միջպետական ասպարեզում 9: Թուրքիայի` ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքը Ադրբեջանի համար դաշինքին անդամակցելու և’ կարևոր շարժառիթ, և’ իրական հնարավորություն է, իսկ Դաշինքի հետ փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու խորացումն ինքնին բխում է Ադրբեջանի արտաքին ու անվտանգության քաղաքականության առաջնահերթություններից :

1994թ. ՆԱՏՕ-ի հետ ստորագրված ԳՀԽ շրջանակային փաստաթուղթը ադրբեջանական վերնախավում լուրջ ոգևորություն առաջ բերեց, որի մասնավոր դրսևորումներից էր, մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարար Ս. Աբիևի 1998թ. կատարած հայտարարությունը. «Հյուսիսատլանտյան դաշինքը հարավկովկասյան երկրներից առաջնությունը պետք է Ադրբեջանին տա`որպես «եվրոպական անվտանգության ապահովման գործընթացի կարևոր բաղկացուցիչ»10: Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի համար ունի ռազմավարական կարևորություն, և վերջինս կատարել է իր ընտրությունը` հօգուտ «ճշմարիտ ժողովրդավարության» և «եվրատլանտյան արժեքների»11:

«Եվրոպական և եվրատլանտյան անվտանգության, քաղաքական, տնտեսական և տարաբնույթ այլ կազմակերպություններին ինտեգրվելը Ադրբեջանի ռազմավարական նպատակն է` եվրատլանտյան կառույցների հետ փոխգործակցությունը դիտելով որպես ողջ եվրատլանտյան տարածությունում անվտանգության, տնտեսական բարգավաճման և ժողովրդավարության ապահովման անհրաժեշտ հիմնապայման: Ադրբեջանը փոխգործակցում է ՆԱՏՕ-ի հետ`նպաստելու եվրոպական և եվրատլանտյան տարածությունում անկայունության, կոնֆլիկտների և սպառնալիքների հաղթահարմանը`քաջ գիտակցելով, որ անվտանգության անբաժանելիությունն ինքնին ենթադրում է համարժեք գործունեություն`անվտանգության ընդհանուր համակարգին երկրի լիարժեք ինտեգրում» 12:

Տարբեր են հարավկովկասյան երկրների անվտանգության ընկալումները, համապատասխանաբար տարբեր են նաև դրա ապահովման տեսլականները: Տարբերությունների ողջ համակարգում կա մի գաղափար, մի տեսլական, մի գործընթաց, որը հարավկովկասյան երեք երկրների համար էլ ընդհանրական է համարվում` եվրոպական ինտեգրման հեռանկարը, որի կարևորագույն բաղկացուցիչներից մեկը ոչ միայն ԵՄ-ի, այլև ՆԱՏՕ-ի հետ սերտ գործընկերային հարաբերությունների զարգացումը, այն մինչև դաշինքին լիարժեք ինտեգրումը հասցնելն է: Եվրոպական ինտեգրումն անհնար է առանց եվրոպական արժեքների յուրացման, անվտանգության ազգային ընկալումը անվտանգության եվրոպական հրամայականների հետ համապատասխանեցման, եվրոպական անվտանգության առանքային կազմակերպություն ՆԱՏՕ-ի հետ սերտ փոխգործակցության:

Եվրոպական Միության ընդլայնման արդյունքում կայունությունը Հարավային Կովկասում սկսեց դիտարկվել` որպես համաեվրոպական անվտանգության ապահովման կարևորագույն օղակներից մեկը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանը ենթակառուցվածքային ցանցերի կարևոր հանգույց, համաեվրոպական էներգետիկ անվտանգության ապահովման կարևորագույն բաղկացուցիչներից է: Ակնհայտ է`տարածաշրջանում կայուն անվտանգության ապահովումը ՆԱՏՕ-ի արտաքին ու անվտանգության քաղաքականության հարավկովկասյան բաղադրիչի առաջնահերթություններից է, ուստիև միանգամայն հավանական է, որ կիրառելով փոխգործակցության երկկողմ ձևաչափ` ՆԱՏՕ-ն վերջնարդյունքում կարողանա հարավկովկասյան երկրներին իր հետ մերձեցնելով, նրանց նաև միմյանց հետ մերձեցնել`այդկերպ էապես նպաստելով հակամարտային գոտում լարվածության թուլացմանը, հասարակական գիտակցության մեջ արժեքային հիմքերի ամրապնդմանն ու փոխվստահության ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորմանը, ռազմատենչ հռետորության մեղմացմանն ու համագործակցային մթնոլորտի ստեղծմանը : ՆԱՏՕ-ն ունի այս խնդիրներն արդյունավետորեն լուծելու իրական ներուժ, որից հարավկովկասյան երկրները կարող են աճողաբար օգտվել դաշինքի հետ համագործակցության շարունակական ընդլայնման ու խորացման պարագայում:

Օգտագործված գրականություն

1.National security concept of Georgia,
2.http://www.parliament.ge/files/292_880_927746_concept_en.pdf.
3.Зурабашвили Г. Южный Кавказ на пути к Европе, Центральная Азия и Кавказ, N 4(34), 2004, с. 160-163,
4.www.regnum.ru/news/938831.html.
5.Հայաստան-ՆԱՏՕ. առաջընթացի 10 տարիներ. 1999-2008, Երևան, 2008, էջ 7:
6.Հայաստան-ՆԱՏՕ. առաջընթացի 10 տարիներ. 1999-2008, Երևան, 2008, էջ 37:
7.Հայաստան-ՆԱՏՕ. առաջընթացի 10 տարիներ. 1999-2008, Երևան, 2008, էջ 8:
8.Казарян Э. К вопросу об армяно-иранских отношениях , в Ориентиры внешней политики Армении, Сборник аналитических статей, Под редакцией Гаянэ Новиковой, Центр стратегического анализа «СПЕКТР», Ереван, «АНТАРЕС», 2002, Ղևոնդյան Ա. Հայաստանի փոխլրացման քաղաքականությունը հարավկովկասյան մերօրյա իրողությունների համատեքստում, Քաղաքագիտություն, բուհական գիտամեթոդական նյութերի ժողովածու, Երևան, 2009:
9.Мурадян И. Геоэкономические факторы развития политических процессов в Кавказско-Каспийском регионе, Ер: Антарес, 2000, стр.67-71.
10.Гаджиев К. С. Геополитика Кавказа, Меж. Отнош., М, 2003, стр.383.
11.Крылов А..Азербайджан: место в мире и некоторые тенденции развития, Кавказ-2005, Ежегодник Кавказского института СМИ, Ереван 2007, стр.21.
12.National security concept of the Republic of Azerbaijan. Approved by instruction No.2198 of the President of the Republic of Azerbaijan on 23 may 2007, http://merln.ndu.edu/whitepapers/Azerbaijan2007.pdf.