Անդրոմեդայի նախկին և ապագա աստղերը


Երկու Եվրոպական տիեզերագիտական կազմակերպությունների աստղադիտարանները համախմբեցին իրենց ուժերը, որպեսզի ուսումնասիրեն Անդրոմեդայի գալակտիկան տեսանելի լույսային ճառագայթներից տարբեր ալիքային տիրույթներում: Անդրոմեդայի գալակտիկայի՝ ինֆրակարմիր ալիքների տիրույթում երբևէ կատարված այս ամենամանրակրկիտ պատկերում Հերշելի անվան արտամթնոլորտային աստղադիտակը տեսնում է աստղի ձևավորման օղակները, իսկ ռենտգենյան տիրույթում աշխատող XMM-Նյուտոն արտամթնոլորտային աստղադիտակը հայտնաբերում է մեռնող աստղեր, որոնք դեպի տիեզերք ռենտգենյան ճառագայթներ են արձակում :

ESA-ի Հերշել և XMM-Նյուտոն տիեզերական աստղադիտարանները որպես թիրախ ընտրել էին Անդրոմեդայի միգամածությունը` մեզ ամենամոտ գտնվող մեծ պարուրաձև գալակտիկան: Այն նման է մեր Գալակտիկային և պարունակում է մի քանի հարյուր միլիարդ աստղ: Սա Անդրոմեդայի գալակտիկայի ինֆրակարմիր ճառագայթներով երբևէ ստացված ամենամանրակրկիտ պատկերն է, որը հստակորեն ցույց է տալիս, որ դեռ շատ աստղեր են առաջանում:

Անդրոմեդայի գալակտիկայի այս “հերշելյան” ինֆրակարմիր նկարում պատկերված են փոշու օղակներ, որոնք այնտեղ գազա-փոշային մեծ պաշարների առկայութան նշան են: Հենց այդ գազա-փոշային ամպերում էլ ձևավորվում են նոր ծնվող աստղերը: XMM-Նյուտոն աստղադիտակով ստացված ռենտգենյան պատկերում երևում են աստղեր, որոնք մոտենում են իրենց կյանքի վերջին: Եվ ինֆրակարմիր, և ռենտգենյան ճառագայթներով ստացված պատկերները հաղորդում են ինֆորմացիա, որն անհնար է ստանալ երկրի մակերևույթին տեղակայված աստղադիտակներով, քանի որ այս ճառագայթները կլանվում են երկրի մթնոլորտի կողմից:

Նյութի բնօրինակին կարող եք ծանոթանալ NASA-ի կայքում

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել ESA-ի կայքը

Թարգմանությունը` բանաս. գիտ. դր (PhD, Լեյդենի համալսարան) Հրաչ Մարտիրոսյանի
Հայոց լեզվի ու մշակույթի պատմություն